Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հեռախոսազրուցի ժամանակ հայտարարել է, որ չինական պատվաստանյութն արդյունավետ Է եւ անվտանգ: Թուրքիան այն կգնի, ասվում Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը չինական պատվաստանյութը համարում է արդյունավետ և անվտանգ, արդեն հայտարարել է, որ շտապ գնումներ կկատարի Չինաստանից, պատրաստ Է այդ հարցի շուրջ ուժեղացնել համագործակցությունը Չինաստանի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում: Նշվում է, որ թուրք նախարարը նաեւ շնորհավորել է Չինաստանին համաճարակը հաջողությամբ զսպելու կապակցությամբ, բարձր է գնահատել Պեկինի հաջողությունը պատվաստանյութի մշակման գործում:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Չինաստանը և Թուրքիան «ձեռք ձեռքի տված» պայքարում են համաճարակի դեմ, միմյանց մատակարարում բժշկական ապրանքներ, հաղորդակից դարձնում համաճարակի դեմ պայքարի փորձին, ինչպես նաև շատ արդյունավետ համագործակցություն են զարգացրել COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման գործում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, Թուրքիան մինչեւ հաջորդ տարվա ապրիլ կգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին: Չինական SinoVac ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկրում կստացվի դեկտեմբերի 11-ից հետո, իսկ ամսի վերջին պլանավորվում է պատվաստում սկսել պատվաստանյութի որակի լաբորատոր փորձարկումներից հետո: Բացի այդ, Թուրքիան հայտարարել է Pfizer/BioNTech պատվաստանյութի առնվազն 25 մլն չափաբաժին գնելու պլանների մասին:
SinoVac-ն իր պատվաստանյութի մշակումն սկսել է հունվարին, այն բանից անմիջապես հետո, երբ Ուհանում պաշտոնապես հաստատեցին անհայտ ծագման թոքաբորբի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը: Այն կլինիկական փորձարկումների երրորդ փուլն սկսել է Բրազիլիայում, Ինդոնեզիայում եւ Թուրքիայում: CoronaVac-ի պատվաստումը նախատեսում է երկու ներարկում՝ 2-4 շաբաթ ընդմիջումով, այն նախատեսված Է 18 տարին լրացած անձանց համար:









































