ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականությանը։ Այվազյանը մասնավորապես նշել է. «Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ Թուրքիան թե՛ պատերազմից առաջ և թե՛ նաև դրանից հետո մշտապես փորձեր է անում ամրապնդել իր ներկայությունը Ադրբեջանում։ «Ստացվեց այնպես, որ պատերազմից հետո նա ամրապնդեց իր դիրքերը ոչ միայն Ադրբեջանում, այլ Արցախի հարակից շրջաններում։ Ցավոք սրտի, այս պահին միայն Հայաստանի կոչով կամ հայտարարություններով Թուրքիան իր քաղաքականությունը չի վերանայելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր այն հարցին, թե Հայաստանն այս փուլում պե՞տք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, թե նման կոշտ հռետորաբանություն որդեգրել, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց. «Այս պահին խոսել հարաբերություններ հաստատելու մասին՝ մի փոքր ժամանակավրեպ է։ Մենք ունենք լուրջ խնդիրներ՝ թե՛ սահմանազատման, թե՛ անվտանգության հետ կապված։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց ոչ թե Հայաստանն է խուսափել, այլ Թուրքիան։ Հայաստանի բոլոր առաջնորդներն էլ հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Այսինքն՝ այս համատեքստում Հայաստանը որևէ անելիք չունի։ Հայաստանը չի խնդրելու հարաբերություններ հաստատել, այս պահին առաջնահերթ շատ այլ հարցեր կան»։
Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականության վրա ինչքանո՞վ կարող է ազդել ռուսական գործոնը, հարցին ի պատասխան, թուրքագետն ասաց. «Կարող է ազդել։ Այս պահին դեռ շատ բան փոփոխությունների կենթարկվի, բայց այս փուլն անցնելուց հետո ավելի առարկայական պատկեր կլինի»։









































