«Տեղի ունեցավ նոր հոկտեմբերի 27»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։ «Եթե հիշում եք՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ձևավորվեց «Միասնություն» դաշինքը, որը հոկտեմբերի 27-ով կոտրվեց։ Հեղափոխությունից հետո էլ հավաքվեց հայ ժողովրդի ուժն ու հավատը ու այսօրվա իրադարձություններով դա կոտրվեց։ Հետևաբար՝ ես սրա անունը դնում եմ նոր հոկտեմբերի 27»,-հավելեց Սահակյանը։ Նրա խոսքերով՝ երբ մեր զինվորների արյունը դեռ չի սառել, դիակները դեռ ռազմի դաշտում են, երկրում անկայունություն հրահրել, չի կարելի թույլ տալ։
Տարոն Սահակյանը մեզ հետ զրույցում փակագծեր բացեց, ըստ որի՝ դեռևս ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին ԱԱԾ-ում Հոկտեմբերի 27-ի գործով հանդիպում է եղել, և ինքը քննիչներից հետաքրքրվել է, թե այդքան ապացույցների, փաստերի պարագայում ինչու չեն գնում հոկտեմբերի 27-ի բացահայտման, իրեն պատասխանել են, որ սպասում են տեսնեն՝ ինչ կլինի աշնանը։ «Ես մենակ չէի ԱԱԾ-ում։ Ինձ հետ էր նաև Լեոնարդ Պետրոսյանի որդին՝ Էմիլ Պետրոսյանը։ Այսպես էր խոսակցությունը, որ իրենք պետք է ձգեն մինչև հոկտեմբեր, որպեսզի տեսնեն, թե ներքաղաքական ու արտաքին քաղաքական ինչ զարգացումներ կլինեն։ Ես միանգամից ասացի՝ տղերք, դուք պատերա՞զմ եք ուզում։ Ես ասում եմ այն, ինչին տեղյակ եմ։ Ես պնդում եմ, որ հոկտեմբերի 27-ի գործով որոշումներ կայացնելու և կոնկրետ գործողություններ կայացնելու բոլոր հիմքերը ուներ։ Այս պարագայում որոշումների կայացումը կամ պետք է տեղի ունենար, որը կարող էր այս ամենը կանխել, կամ պետք է ձգձգվեր, որի ժամանակ գործողություններ պետք է արվեին, որին ականատես ենք լինում»,- ասաց Սահակյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































