Երեկ Դոնեցկի «Մետալուրգ»-ը Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Կիևի «Դինամո»-ի հետ և 4 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին մասնակցեցին ամբողջ խաղին, իսկ Կառլեն Մկրտչյանը մի քանի րոպե անցկացրեց խաղադաշտում` փոխարինման դուրս գալով 88-րդ րոպեին: Նշենք, որ Մարկոսն առաջին խաղակեսի միջնամասում գրավեց Շովկովսկու պաշտպանած դարպասը, սակայն մինչ այդ մրցավարը խախտում նկատեց Գևորգ Ղազարյանի գործողություններում ու չհաշվեց գոլը:
Խաղից հետո դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Գևորգ Ղազարյանը նշեց, որ դժգոհ է արդյունքից:
«Ես դժգոհ եմ արդյունքից. մենք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք, բայց չստացվեց աչքի ընկնել: Այդուհանդերձ, «Դինամո»-ի հետ ոչ-ոքին լավ արդյունք է: Մենք լավ հանդիպում անցկացրինք, և կարծում եմ` երկրպագուներին դուր եկավ մեր խաղը»:
Լուսանկարը` «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքի:








































