Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս այս կոչմանն արժանացավ արդեն 9-րդ անգամ: 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: 61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Առաջին հերթին ցանկանում ենք շնորհավորել Մխիթարյանին և մրցանակային տեղեր զբաղեցրած ֆուտբոլիստներին՝ նրանց ցանկանալով նոր հաջողություններ։ Հարկ ենք համարում, սակայն, ամփոփելով անցյալ տարվա արդյունքները, ստանալ հնարավորինս օբյեկտիվ պատկեր։
Օբյեկտիվորեն Հենրիխ Մխիթարյանը անկախ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Օբյեկտիվորեն Մխիթարյանն իր խաղային որակներով մի գլուխ ավելի բարձր է նույն Սարգիս Ադամյանից, որը ելույթ է ունենում Բունդեսլիգայում։ Օբյեկտիվորեն Հենրիխ Մխիթարյանը վերջին տարիներին համաշխարհային սպորտում ամենահայտնի և արժեքավոր մարզիկն է։ Այո, մենք ունենք Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, բայց ընդունենք, որ նրանցից ոչ մեկի, այսպես կոչված, տրանսֆերային արժեքը նույնիսկ մոտ չէ 30-40 միլիոն եվրոյին։ Ֆուտբոլն ամենամասսայական մարզաձևն է և բոլորովին նոր հարթություն համաշխարհային սպորտում։
Երկու տարի առաջ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիկ, ինչը որոշակի ռեզոնանս էր առաջացրել հայկական մարզաշխարհում։ Շատերն այն կարծիքին էին, որ Օլիմպիական և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պետք է լիներ առաջինը, քանզի հստակ արդյունքներ է գրանցել մեր երկրի համար, մեդալներ պարգևել Հայաստան պետությանը։ Իրավիճակն այնպիսին է, որ կրկին օբյեկտիվորեն կարելի է հասկանալ թե Մխիթարյանին առաջինը տեսնողներին և թե Ալեքսանյանին առաջինը տեսնողներին։ Ոմանք ավելի արժեքավոր են համարում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի գավաթը նվաճելը, ոմանք էլ Ալեքսանյանի՝ աշխարհի առաջնությունում նվաճած ոսկին, որի արդյունքում, ինչպես հայկական սպորտում հայտնի գործիչներից մեկը շարունակ ասում է, հնչել է Հայաստանի պետական օրհներգը և վեր բարձրացել մեր դրոշը։
Խնդրիրն իրականում այն է, թե ինչպիսի արշինով ենք մենք ընտրում լավագույններին և ինչ տեսանկյունից ենք նայում արդյունքներին։ Իսկ ինչ արդյունքներ են գրանցել 2019 թվականին լավագույն եռյակում հայտնված ֆուտբոլիստները։ Հենրիխ Մխիթարյանը ըստ էության նորմալ ելույթներ է ունեցել «Արսենալի» և «Ռոմայի» կազմում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել մեկ փայլուն հանդիպում։ Նրա տպավորիչ խաղի արդյունքում անցյալ տարվա սեպտեմբերին 4։2 հաշվով հաղթեցինք Բոսնիային։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած մյուս հանդիպումներում Մխիթարյանը իր բարձրության վրա էր և օգտակար է եղել մեր գլխավոր թիմին։
Սարգիս Ադամյանը մեծ հաշվով վատ ելույթներ է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, սակայն փայլել է Գերմանիայում։ Բացառությամբ Իտալիայի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպման՝ Ադամյանը աչքի է ընկել թույլ և նույնիսկ անգրագետ խաղով։ Միևնույն ժամանակ հայտնվելով Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» կազմում՝ դարձավ այս թիմի առաջատարներից մեկը։ Ադամյանը դուբլ ձևակերպեց Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկի՝ «Բավարիայի» դեմ մրցավեճում, էապես մեծացնելով իր հեղինակությունը գերմանական ֆուտբոլում։
Տիգրան Բարսեղյանը փայլուն մրցաշրջան է անցկացրել արդեն իր նախկին թիմի՝ ղազախական «Կայսարի» կազմում, և որոշակի վերապահումով կարող ենք ասել՝ փայլել նաև Հայաստանի ազգային հավաքականում։ Բարսեղյանի անմիջական ջանքերով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հաղթեցինք Լիխտենշտեյնին, Հունաստանին, նույն Բոսնիային։ Վերջին չորս հանդիպումներում երբ մեր հավաքականը բավական ծանր իրավիճակում էր, Բարսեղյանը կրկին աչքի էր ընկնում և իրեն չէր խնայում ազգային թիմին օգնելու համար։ Հիմա այս երեք ֆուտբոլիստների արդյունքներից որն է ավելի բարձր։ Հարցի պատասխանը երևի թողնենք ընթերցողի հայեցողությանը, ասել է թե՝ ժողովուրդը երբեք չի սխալվում։
Փաստենք, սակայն, որ արդյունքները մի կողմ դրած՝ 2019 թվականին Ադամյանն ու Բարսեղյանը գրանցել են որակական զգալի աճ, ինչի վկայությունը նրանց տրանսֆերային տեղաշարժերն են, ինչպես նաև տրանսֆերային արժեքների դրական փոփոխությունները։ Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց այս երկու ֆուտբոլիստները և մասնավորապես Տիգրան Բարսեղյանը արժանի էին ճանաչվելու 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Թե ով ինչպես է քվեարկել, բնականաբար քննարկման ենթակա չէ և միանգամայն ընդունելի է։
«Առաջին լրատվական»-ը, ներկայացնելով իր դիրքորոշումն ու կարծիքը, մշտապես զերծ է մնացել նմանատիպ քվեարկություններից՝ վստահ լինելով, որ թե ֆուտբոլում և թե ընդհանրապես սպորտում մենք պատրաստ չենք և չենք կարող ստանալ օբյեկտիվ պատկեր։ Ֆուտբոլային, այսպես կոչված, ընտանիքը առաջին տեղում տեսնում է Հենրիխ Մխիթարյանին, և մեզ մնում է կրկին շնորհավորել լեգենդար ֆուտբոլիստին։










































