Իրաքում նավթի արդյունահանման ցուցանիշներն ընթացիկ տարում գերազանցել են այն ժամանակների տվյալները, երբ երկրում իշխանության գլուխ եկավ Սադամ Հուսեյնը, սակայն Բաղդադը դեռ չի կարողանում սև ոսկու կայուն մատակարարում սկսել արտասահման, գրում է The Wall Street Journal-ը:
Փետրվարին իրաքյան հանքերում նավթի արդյունահանումը միջինում կազմել է օրական 3,6 մլն բարել, ինչը 50%-ով ավել է, քան 4 տարի առաջ: Այս ցուցանիշը գերազանցել է 1979-ի մակարդակը, երբ Իրաքում նավթի արդյունահանումը կազմել է օրական միջինում 3,5 մլն բարել:
BP PLC, Royal Dutch Shell PLC և ExxonMobil Corp. ընկերությւոնները միլիարդավոր դոլարներ են ներդնում՝ նավթային հանքավայրերի ինֆրակառուցվածքի վերականգնման համար, որը վնասվել է պատերազմների, պատժամիջոցների և ֆինանսավորման պակասի հետևանքով: Սակայն Իրաքի կառավարությունը չի շտապում արդիականացնել հորերից տանկերներ նավթի փոխադրման ինֆրակառուցվածքը, գրում է «Նեֆտ Ռոսիի» վերլուծական պորտալը:
Միջազգային էներգետիկական գործակալության (ՄԷԳ) կանխատեսմամբ՝ հաջորդ 20 տարիներին Իրաքն ավելի մեծ ծավալով կնպաստի նավթի համաշխարհային արդյունահանման աճին: ՄԷԳ-ի հաշվարկով՝ Իրաքում նավթի արդյունահանումը մինչև 2035 թվականը կարող է հասնել օրական մինչև 8 մլն բարելի:









































