ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումներ ունենալ ոչ խորհրդարանական ուժերի հետ: Ծառուկյանն արդեն իսկ հանդիպել է ՀԺԿ-ի հետ, իսկ երեկ արդեն՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարների հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ իրենք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունեն: Նրա հավաստմամբ՝ Ծառուկյանը իշխող կուսակցության հենարաններից մեկն է, և նրան ոչ ասելու, ոչ էլ առաջարկելու որևէ բան չունեն:
«Ամեն ինչ ֆիկտիվ է, ոչ մի լուրջ բան չկա՝ քառյակն է, իշխանության մաս կազմող ուժերն են: Երկրում ստեղծվել է ծանր, պայթյունավտանգ իրավիճակ: Պատճառները տարբեր են՝ սկսած սոցիալականից, վերջացրած դեմոգրաֆիականով: Այն ամենը, ինչ կազմակերպում են, շինծու է և արհեստական»:
Գառնիկ Մարգարյանն ընդգծեց, որ երկրի խնդիրները միայն վարչապետի պատճառով չեն, հետևաբար վարչապետ փոխելով՝ կարևորագույն խնդիրներին լուծում չի տրվի. «Վարչապետ փոխելով չէ, որ երկիրը պետք է ազատագրել կոռումպացված բանդիտական ռեժիմից, այլ պետք է համակարգը փոխվի: Իսկ համակարգի առումով մենք ունենք կոնկրետ առաջարկներ, եթե կլսեն՝ կլսեն, բայց ես համոզված եմ, որ չեն լսի, բայց ոչ թե Ծառուկյանը, այլ նախագահի աշխատակազմը»:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ տարվող քննարկումներին, նրա՝ համախմբման վերաբերյալ առաջարկին, Գառնիկ Մարգարյանն ասաց. «Մեր գնահատականները չեն փոխվել. Ծառուկյանը իշխանության հենարաններից մեկն է, եթե ոչ՝ հիմնականը, և մենք երբևիցե Գագիկ Ծառուկյանի մոտ գնալու և իր հետ խորհրդակցելու խնդիր չունենք:
Մեզ վարչապետի հրաժարականը չի հետաքրքրում, անձի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի՝ կոռումպացված բնապահպանության նախարարությո՞ւնն է դադարեցնելու հանքերը վաճառել, թե՞ կոռումպացված էներգետիկայի նախարարությունն է այլ կերպ գործելու»,- եզրափակեց նա:









































