Մուամար Քադաֆիի որդին՝ Սայֆ Ալ-Իսլամը, Ալժիրի Al-Khabar թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ֆրանսիայի իշխանությունների հետ:
«Ճիշտն ասած՝ մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի, այլ ոչ թե ապստամբների հետ: Այն մարդը, որին մենք ուղարկել էինք Սարկոզիի հետ բանակցությունների, մեզ փոխանցել է Ֆրանսիայի նախագահի խոսքերը, համաձայն որոնց՝ հենց Փարիզն է ստեղծել Բենղազիի (ապստամբների.- 1in.am) Ազգային խորհուրդը: Սարկոզիի խոսքերով՝ առանց ֆրանսիական գումարների և զենքի, խորհուրդը երբեք էլ գոյություն չէր ունենա»,- ասել է Սայֆ Ալ-Իսլամը, որի խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը:
«Ֆրանսիայի դիրքորոշումը հետևյալն է. երբ մենք պայմանավորվենք Տրիպոլիի հետ, կստիպենք Բենղազիին դադարեցնել կրակը»,- հավելել է Սայ Ալ-Իսլամը: Տեղեկացնենք նաև, որ կիրակի օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Բենղազիի Ազգային անցումային խորհուրդը բանակցություններ սկսի Քադաֆիի ռեժիմի հետ:
«ՆԱՏՕ-ն կդադարեցնի ռմբակոծություններն այն ժամանակ, երբ հակամարտության կողմերը բանակցություններ սկսեն միմյանց հետ, իսկ զինվորական ստորաբաժանումները վերադառնան իրենց տեղակայման վայրեր»,- ասել է ՊՆ նախարարը BFM TV հեռուստաալիքին:









































