Ռուսաստանին շատ լուրջ հետևանքներ են սպասում, եթե նա զորքերը Ուկրաինա մտցնի, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Նրա խոսքերով՝ Ղրիմի հանրաքվեն անօրինական է եղել և տեղի է ունեցել «Կալաշնիկովի հրացանի սպառնալիքի տակ»:
Լրագրողների այն հարցին, արդյոք Լոնդոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռոման Աբրամովիչի և այլ ռուս օլիգարխների դեմ, ովքեր Բրիտանիայում գործարար հետաքրքրություններ ունեն, Քեմերոնը պատասխանել է, որ չի բացառում դրա հնարավորությունը:
Միաժամանակ նա նշել է, պատժամիջոցները պետք է ուղղված լինեն կոնկրետ մարդկանց դեմ, ովքեր պատասխանատու են Ռուսաստանի գործողությունների համար:
Քեմերոնը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը Եվրոպայից ավելի շատ է կախված, քան Եվրոպան Ռուսաստանից:
«Մենք իհարկե, պետք է հիշենք, որ Եվրոպայի գրեթե 25%-ը կախված է ռուսական գազից, սակայն եթե նայենք «Գազպրոմի» շահույթին, ապա կտեսնենք, որ դրա գրեթե 50%-ը Եվրոպան է ապահովում»,-բրիտանացի վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:









































