Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առաջ ելույթ ունենալու հրավեր է ուղարկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այս մասին նախօրեին հայտարարել է ամերիկացի կաթոլիկ օրենսդիրը:
Սպասվում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ԱՄՆ կայցելի հաջորդ տարվա սեպտեմբերին, որի ընթացքում, բացի Վաշինգտոնից, կայցելի նաև Ֆիլադելֆիա:
Իր հայտարարության մեջ Բեյները ընդգծել էր, որ Հռոմի պապն իր օրինակով ոգեշնչել է միլիոնավոր ամերիկացիների՝ նրանց մեջ արթնացնելով «բարեգթություն, ներողամտություն, համերաշխություն և Աստծուն ծառայելու ցանկություն»:
Այս ամիս ԱՄՆ նախագահը իր եվրոպական շրջագայության ընթացքում ծրագրում է հանդիպել Հռոմի պապի հետ: Ընդունելությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ Վատիկանում: