«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Ֆիորենտինա»-ի նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո մեկնաբանել է թուրինյան ակումբի վստահ առաջատարությունը մրցաշարային աղյուսակում:
«Մինչ առաջնության ավարտը դեռ կա 11 տուր, բայց մենք արդեն 50 տոկոսով Իտալիայի չեմպիոններ ենք: Թիմը պահպանում է անհրաժեշտ մարզավիճակը, բայց չենք պատրաստվում ժամանակից շուտ հանգստանալ»,- Կոնտեի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ «բյանկոներիներ»-ն ընթանում են առաջին հորիզոնականում` իրենց ակտիվում ունենալով 72 միավոր: «Ռոմա»-ն 2 հանդիպում պակաս է անցկացրել և վաստակած 58 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակում է «Նապոլի»-ն, որն անցկացրած 26 խաղերից հետո վաստակել է 52 միավոր:








































