Մինչև 2017թ. «Բարգավաճ Հայաստանը» խաղալու է իշխանական համակարգի տրամաբանության շրջանակում, և դա թերևս որևէ մեկի համար զարմանալի էլ չէ, անգամ ԲՀԿ-ին անկախության և ժողովրդավարության մարտիկի պատմուճան հագցնող Հայ ազգային կոնգրեսի: Պարզապես Կոնգրեսի համար ԲՀԿ-ի այդ պատմուճանն է ներքաղաքական ներկայիս զարգացումներում քիչ թե շատ արդիական ուժ մնալու միակ հնարավորությունը: Մինչդեռ պարզ է, որ դասական իշխանական կուսակցության կառուցվածք ու տրամաբանություն ունեցող քաղաքական ուժը չի կարող լինել դասական ընդդիմություն: Դա, անշուշտ, չի էլ նշանակում, որ ԲՀԿ-ի` այսպես ասած հակադրությունը ՀՀԿ-ին միանգամայն և ամբողջական խաղ է: Ամենևին: ԲՀԿ-ն ունի իր խնդիրները, որոնք բացի քաղաքականից, կապված գուցե ավելի շատ քոչարյանական թևի շահերի հետ, նաև զուտ տնտեսական են: Դրա գլխին կանգնած է Գագիկ Ծառուկյանն իր կապիտալով, նաև ԲՀԿ մյուս մեծ ու փոքր գործարարները, որոնց խնդիրն իրենց անմիջական բիզնես շահն է: Այդ շահն իսկապես վտանգի տակ է, քանի որ ներկայումս Հայաստանում սպառվող տնտեսական ռեսուրսները սրում են կապիտալի և քվոտաների մրցակցությունը, դրանց տերերից պահանջելով առավել աչալրջություն և հնարավորինս շատ իշխանություն:
Կապիտալն ու տնտեսական քվոտաները Հայաստանում պահվում են իշխանությամբ: Այսինքն` ԲՀԿ այդ թևի համար առանցքայինն իհարկե քաղաքական շահերը չեն, այլ տնտեսական, սեփականատիրական մտահոգությունները, և դրանց փարատում ստանալու, որոշակի երաշխիքներ ստանալու դեպքում այդ թևը լիովին պատրաստ է իշխանության հետ գնալ անսահմանափակ կոմպրոմիսների` անգամ քաղաքական վարկանիշի հաշվին: Այսինքն` ԲՀԿ-ն այնուհանդերձ ունի խնդիրներ, որ կդնի ՀՀԿ առաջ. մի թևում` տնտեսա-քաղաքական, մյուս թևում` զուտ տնտեսական: Սակայն, քանի որ այդ կուսակցության մեջ գերակշռում է հենց տնտեսական մտահոգվածությունը, ինչպես նաև այդ կուսակցությունը ունի դասական իշխանական բնույթ՝ իր կառուցվածքով, անդամների հոգեբանությամբ և մոտիվացիայով, ԲՀԿ-ն այնուհանդերձ երբեք չի գնա այնպիսի հակադրության, որը վտանգի տակ կդնի համակարգի գոյությունն ինքնին, քանի որ այդ նույն համակարգի տակ անխուսափելիորեն մնալու է նաև «Բարգավաճ Հայաստանը», իր կամքից անկախ:
Մյուս կողմից` Հանրապետականին, ավելի շուտ Սերժ Սարգսյանին էլ ձեռնտու չէ անզիջում կեցվածքը, քանի որ համակարգային ցնցումները կարող են հանգեցնել անկանխատեսելի վիճակների: ՀՀԿ-ն այսօր, անշուշտ, առավել ազդեցիկ է ԲՀԿ հանդեպ, բայց խնդիրն այստեղ այն է, որ եթե անգամ ՀՀԿ ներսում շատերն են քորում իրենց ձեռքերը ԲՀԿ-ում տեղավորված կապիտալին և քվոտաներին տեր դառնալու համար, միևնույն է` Սերժ Սարգսյանի համար դա այդքան էլ ցանկալի տարբերակ չէ: Ի վերջո, քոր են գալիս նրանց ձեռքերը, բայց համակարգը առաջին հերթին պահվում է Սերժ Սարգսյանի ձեռքերով, և նա իր իսկ ձեռքով չի ոչնչացնի այդ համակարգը:
Ահա այդ հողի վրա կայանում է ՀՀԿ-ԲՀԿ համաձայնությունը, չնայած նրանց միջև առկա լուրջ տարաձայնություններին և մտահոգություններին: ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերության «անկեղծության» պահը կհասունանա 2017 և 18 թվականների խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ: Այդ փուլն առանձնահատուկ է նրանով, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և պետք է լուծվի նոր նախագահի ու նոր վարչապետի խնդիր: Ներկայումս, Հանրապետականի և «Բարգավաճի» փոխհարաբերությունները, թերևս, այդ նոր իշխանական ստատուս քվոյի ձևավորման նախադուռն են: Դա ամենևին չի նշանակում, թե ներսում նրանք կարող են միմյանց հետ խոսել բռունցքներով: Բայց առավել էականը, թերևս, լինելու է հենց այն, թե ինչ են խոսելու նրանք մինչև 2017-18 թվականները, ոչ թե այն, թե ինչ են խոսում նրանք այժմ:
Սակայն այստեղ, իհարկե, շատ մեծ նշանակություն է ունենալու այն, թե ինչ է մտածելու այդ ընթացքում հասարակությունը՝ քաղաքական կյանքում իր դերի վերանայման առումով, և ինչ են մտածելու ներկայումս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի լուսանցքում կամ ստվերում հայտնված ուժերը, եթե իհարկե հասարակությունը որպես քաղաքական գործոն նրանց կսկսի ավելի հետաքրքրել, քան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Անկասկած է, որ շատ մեծ նշանակություն է ունենալու նաև աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանի շուրջ` թե՛ Հարավային Կովկասի, թե՛ հարակից տարածաշրջանների իմաստով:









































