Ռուսաստանյան մեդիայում աղմուկ է բարձրացրել «Գազպրոմի» թոփ-մենեջերներից մեկի՝ Սերգեյ Պրոզորովի անցկացրած խորհրդակցությունը Սանկտ Պետերբուրգում, որտեղ նա ռուսական այդ հսկայի կառավարիչների կազմին ամենակոշտ քննադատության է ենթարկում մի շարք կառույցների և նախագծերի թերակատարման, մասնավորապես Պրիոզերսկում 128 կմ երկարությամբ գազամուղը փաստացի գողանալու համար: Բանն այն է, որ «Գազպրոմի» պատվերով կառուցվելիք գազամուղը պետք է շահագործման հանձնվեր 2014 թվականին, սակայն առ այսօր կա ընդամենը 40 կմ խողովակաշարը, սակայն կառուցող ընկերությանն էլ արդեն վճարվել է գրեթե ամբողջ արժեքը՝ 1,8 միլիարդ ռուբլի գնահատված նախագծի 1,7 միլիարդ ռուբլին:
Թվում է՝ ինչո՞վ է հետաքրքիր այդ պատմությունը Հայաստանի հանրության համար, ի վերջո՝ այդ ամենը Ռուսաստանի համար մեծ հաշվով նորություն չէ: Բայց բանն էլ հենց այդ է, որ նորություն չէ: Եվ նորություն չէ, իհարկե, որ «Գազպրոմ» ընկերությունն էլ Հայաստանում գազամատակարարման համակարգի մենատերն է, որի հետ Հայաստանի կառավարությունը ներկայումս քննարկում է գնագոյացման հարցերը: Իսկ դա արդեն գործնականում ուղիղ առնչություն ունի այն ամենի հետ, որ տիրում է ռուսական այդ ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմի» կառավարման համակարգում, և որի դրվագ է ներկայումս տարածված աղմկոտ պատմությունը:
Հայաստանի հանրությունը, նաև իհարկե միջազգային հանրությունը համոզված է, որ գազն ու «Գազպրոմը» ՌԴ քաղաքական գործիքներ են: Դա անկասկած է: Սակայն այստեղ կա նաև հարցի մյուս կողմը՝ ոչ քաղաքական, այլ կառավարչական, կառավարման էֆեկտիվությանն առնչվող: Գործնականում Ռուսաստանի, այսպես ասած, արտաքին գազային գործընկերները կամ սպառող-հաճախորդ արտաքին սուբյեկտները մեծ հաշվով ներքին գողությունների փոխհատուցման սուբյեկտներ են դիտվում, որոնց հաշվին հնարավոր է լրացնել ներսում գողացվող բացը: Եվ այդ տրամաբանությունը պետք է դիտարկել գնագոյացման հարցերում քաղաքական բաղադրիչներին զուգահեռ:
Այն, ինչ «Գազպրոմի» կառավարիչները գողանում են ներսում, ինչպես տվյալ դեպքում տեսնում ենք մոտ 100 կիլոմետր խողովակաշարի տեսքով, նրանք մեծ հաշվով փորձում են փոխհատուցել գազի արտաքին շուկաներում, բնականաբար՝ այդ թվում նաև Հայաստանում: Եվ մեծ հաշվով դժվար է ասել՝ երբ գազի գինը սահմանին 150-ից դառնում է 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, դրա պատճառը քաղաքակա՞ն է, ինչպես համարում էին Հայաստանում՝ կապելով թավշյա հեղափոխության հետ, թե՞ զուտ ֆինանսական, երբ Հայաստանի համար գինը 15 դոլար թանկացնելով՝ Մոսկվայում պարզապես փորձում են ծածկել Ռուսաստանի ներսում այն գողությունները, որ տեղի են ունենում գազպրոմյան նախագծերում, և որոնցից մեկի, անկասկած՝ ոչ միակի և թերևս՝ ոչ ամենամեծի, մասին ներկայիս աղմկոտ պատմությունն է:
Հաշվի առնելով այն, որ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի ներսում չափազանց թանկ են դարձնում ամեն մի կոպեկը և ռուբլին, ՌԴ-ի համար էլ բնականաբար թանկ է դառնում դրսի ամեն մի լուման, այդ թվում՝ Հայաստան մատակարարվող գազից ստացվող: Ի վերջո, մշակույթի և հարաբերությունների, մտածողության ու համակարգի հարց է, և ավելի շուտ կփորձեն օգտագործել այդ հնարավորությունները, քան դադարել գողանալ: Իսկ այդ իրողությունն էլ բերում է իհարկե ավելի լայն խնդիրների՝ հաշվի առնելով այն, որ նախորդ երկու տասնամյակի ընթացքում հենց ռուսական պետական ընկերություններն են դարձել Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների մի զգալի մասի սեփականատեր կամ կառավարիչ, ինչը գործնականում նշանակում է, որ քաղաքական ազդեցության շարժառիթին զուգահեռ՝ Հայաստանն այդ իմաստով դիտարկվել և թերևս դիտարկվում է որպես ներռուսական գողության «ԱՊՊԱ»:
Լուսանկարը՝ panorama.am-ի









































