Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռեւս գոյություն ունեցող նախարարության եւ կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղարիբյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է, որ նախարարությունն իր մեծ պատասխանատվությունն ունի։Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոչ եմ անում Հովհաննեսին` դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային` չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից եւ սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը»,-նշեց նա։