Սիրիայի արևմուտքում՝ Հոմս քաղաքում, որտեղ վերջին երեք օրերին գործում էր կրակի դադարեցման ռեժիմ` հումանիտար գործողություն անցկացնելու նպատակով, հրադադարը կարող է երկարաձգվել ևս երեք օրով` հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը:
«Այս հարցը քննարկվում է կողմերի հետ, որպեսզի խաղաղ բնակիչները, առաջին հերթին՝ երեխաները, կանայք, ծերերը, հնարավորություն ստանան լքել վտանգավոր շրջանները»,- հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալալ Ալ-Բարազին:
Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ միջանցք՝ փախստականներին ցանկացած թաղամասից տարհանելու, այնուհետև նրանց հասցնելու այն վայրը, որտեղ կցանկանան:
Կիրակի Հին Հոմսից, որը գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության տակ, հեռացել է ավելի քան 610 մարդ: Շատերին պահանջվել է բժշկական օգնություն: Հոսպիտալացվածների թիվը չի հաղորդվում:
Ալ-Բարազին հաղորդել է, որ կիրակի փախստականների հետ Հին Հոմսից դուրս է եկել 16-54 տարեկան 130 տղամարդ, որոնք պատրաստակամություն են հայտնել ինքնակամ հանձնվել իշխանություններին:









































