Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանի:
Հոկտեմբերի 19-ին Բարսեղյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարան՝ խնդրելով Ջալալյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել 1in.am-ի օգոստոսի 31-ին հրապարակված «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդվածում առկա իր մասով արված մեկնաբանությունների համար: Դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցադիմումը վերադարձրել էր, քանզի Բարսեղյանը չէր պահպանել մի շարք ընթացակարգեր և պահանջներ: Եվ ահա, հունվարի 8-ին Տիգրան Բարսեղյանը կրկին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարան: Կարծում ենք՝ մեր հավաքականի հարձակվողի այս քայլը իր բնույթով բացառիկ է մի քանի տեսանկյունից։
Մասնավորապես, երկար փնտրտուքներից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել որևէ այլ ֆուտբոլիստի, որին հաջողվել է 81 օրվա ընթացքում 2 անգամ դատի տալ լրագրողի։ Նման երևույթ չհայտնաբերեցինք թե՛ շարքային և թե՛ տաղանդավոր՝ հայտնի ֆուտբոլիստների շրջանում։ Ընդ որում, Բարսեղյանը դատի է տվել լրագրողին՝ նշված ժամանակահատվածում չմասնակցելով պաշտոնական հանդիպումներին։ Վերջին անգամ Բարսեղյանը պաշտոնական հանդիպման մասնակցել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը՝ խաղադաշտում անցկացնելով 17 րոպե։ Այդ ժամանակ Բարսեղյանը ներկայացնում էր մակեդոնական «Վարդար» ակումբը։ Այս պահի դրությամբ Բարսեղյանը որևէ թիմում ելույթ չի ունենում։ Ու փաստորեն, եթե նույնիսկ տաղանդավոր ֆուտբոլիստներին չի հաջողվել, չմասնակցելով պաշտոնական հանդիպումների, 81 օրվա ընթացքում 2 անգամ դատի տալ լրագրողի, կարող ենք ասել, որ հայկական ֆուտբոլում ունենք հանճար։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանին և մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին ուզում ենք խնդրել, որպեսզի Բարսեղյանին աչքի լույսի պես պահեն։ Կարծում ենք՝ այս ֆուտբոլիստի հանճարը կդրսևորվի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, որտեղ Հայաստանի հավաքականը ելույթ կսկսի մարտի վերջին։
Ի դեպ, Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացնելու է հայտնի փաստաբան Արծրուն Բադալյանը։ Վերջինս այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Բնական է, որ հայտնի ֆուտբոլիստի շահերը պետք է ներկայացնի հասարակության շրջանում հեղինակություն վայելող իրավաբանը։
Նշենք նաև, որ նույն Դավիթ Ջալալյանին չի համակրում նաև Տիգրան Բարսեղյանի հայրը՝ Աշոտ Բարսեղյանը, որը ժամանակին հայտնի ֆուտբոլիստ լինելուց բացի՝ նաև հայտնի մարզիչ է։ 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար»-«Կապան»-«Արարատ» հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ նա անդրադարձել էր «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» հոդվածին և հրապարակավ վիրավորական արտահայտություններ հնչեցրել Դավիթ Ջալալյանի հասցեին: Բացի դրանից, Աշոտ Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորական գրառում էր կատարել հոդվածի ներքո՝ այսպիսով նաև փորձելով խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը: Հաշվի առնելով հայր և որդի Բարսեղյանների ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը լրագրողի նկատմամբ՝ կարող ենք հիշատակել հայտնի ասացվածքը՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Հոկտեմբերի 16-ին ներկայացնելով հայցադիմում՝ Ջալալյանը դատարանից խնդրել էր Աշոտ Բարսեղյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ինչպես նաև հրապարակային ելույթի ընթացքում Դավիթ Ջալալյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, բարի համբավն արատավորելու համար և Աշոտ Բարսեղյանից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում: Դատավոր Էդուարդ Ամալյանը դիմումը ստանալուց հետո՝ հոկտեմբերի 23-ին, այն ընդունել էր վարույթ: 2019 թվականի հունվարի 14-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:
Հ.Գ. Անձնական որևէ հակակրանք չունենալով Տիգրան Բարսեղյանի նկատմամբ՝ ի սրտե ցանկանում ենք, որ նա խաղա ուժեղ թիմում, դառնա մեր ազգային հավաքականի առաջատարն ու շատ գոլեր խփելով ուրախացնի ժողովրդին։








































