Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի և թույլ չի տա ոտնահարել սեփական իրավունքներն ու ինքնիշխանությունը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում լարվածության ստեղծումը չէ, այլ խաղաղության, արդարության, կայունության և անվտանգության ամրապնդումը։
«Մենք երբեք չենք ունեցել որևէ մեկի տարածքի, ինքնիշխանության, օրինական իրավունքների կամ շահերի նկատմամբ ոտնձգության մտադրություն։ Սակայն չենք թույլ տա, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի մեր ինքնիշխանության նկատմամբ, սպառնա մեր երկրին կամ վնաս հասցնի մեր շահերին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ աշխարհը Սառը պատերազմի ավարտից ի վեր ապրում է անվտանգության համակարգի ամենախորը վերափոխումներից մեկը, և յուրաքանչյուր ճգնաժամ հիշեցնում է ազգային անվտանգության կենսական նշանակության մասին։
Էրդողանի խոսքով՝ նավաշինության ոլորտում Թուրքիան սեփական ուժերով արտադրում է տարբեր հարթակներ՝ ազգային ավիակրից մինչև սուզանավեր՝ շուրջ 80 տոկոս տեղայնացման մակարդակով։ Նա հավելել է, որ շարունակվում են նաև անօդաչու ռազմածովային համակարգերի մշակման, նախագծման և արտադրության աշխատանքները, իսկ ընթացիկ նախագծերի ընդհանուր արժեքը հասել է 25 միլիարդ եվրոյի։








































