Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին խիստ ուղերձով դիմել է Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան նրա վերջին հայտարարությունների։ Կառավարության ղեկավարն ընդգծել է Իտալիայի ինքնիշխանությունը և հորդորել Թրամփին զբաղվել սեփական, այլ ոչ թե իր վարկանիշով։
Անդրադառնալով Թրամփի հնչեցրած մեղադրանքներին՝ Մելոնին դրանք որակել է որպես «մշտական ու անհիմն հարձակումներ»՝ նշելով, որ դրանք բացարձակապես անիմաստ են։
Խոսելով իր վարկանիշի մասին՝ Իտալիայի վարչապետը շեշտել է, որ Թրամփի հետ ընկերությունն ամենևին չի նպաստել իր ժողովրդականության բարձրացմանը, և այն կախված չէ նրա հետ ունեցած հարաբերություններից։
«Իմ ժողովրդականությունը կախված է Իտալիայի ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից, և դա հենց այն է, ինչ ես միշտ արել եմ», – հայտարարել է նա։
Որպես ազգային շահերի պաշտպանության օրինակ՝ Մելոնին մատնանշել է Իտալիայի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հարցը։ Նա հիշեցրել է, որ դրանց շահագործումը խստորեն կարգավորվում է համաձայնագրերով, որոնք Հռոմը մշտապես հարգել է։ Վարչապետը վստահեցրել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է կառավարությունը, այդ պայմանավորվածությունները չեն կարող խախտվել։
«Իտալիան մնում է ինքնիշխան պետություն։ Ամեն դեպքում, իմ ժողովրդականությունը ձեր գործը չէ։ Առաջարկում եմ ձեզ կենտրոնանալ ձեր սեփականի վրա», – իր խոսքը եզրափակել է Ջորջա Մելոնին։








































