ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքի ղեկավարության հետ զրույցների ժամանակ առնվազն երկու անգամ Վաշինգտոնին փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն է հնչեցրել: Համաձայն դրա՝ Բաղդադը պետք է Վաշինգտոնին նավթով փոխհատուցի ռազմական հակամարտությունների շրջանակում ԱՄՆ-ի աջակցության համար: Այս մասին հաղորդում է Axios համացանցային հարթակը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն այդ հարցը բարձրացրել է նաև անցած տարվա մարտին՝ Սպիտակ տանն այն ժամանակվա Իրաքի վարչապետ Հեյդար էլ Աբադիի հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ Իրաքը պետք է նավթով փոխհատուցի այն օգնության դիմաց, որն ԱՄՆ-ն ցուցաբերել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Նշվում է նաև, որ ապարդյուն քննարկումներից հետո Թրամփն ի վերջո հրաժարվել է այդ նախաձեռնությունից:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ այդ գաղափարը քննադատել է ազգային անվտանգության հարցով Թրամփի նախկին օգնական Հերբերթ Մաքմասթերը՝ ասելով, որ անգամ այդ մասին խոսելը վատ է:









































