«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող Պետրոս Մակեյանը։
-Պարոն Մակեյան, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին արդյո՞ք նորից սևերի ու սպիտակների պայքար է լինելու՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ակնկալում է լինել միակ իրական ընդդիմությունը։
-Ես մի բանում համոզված եմ, որ ՀՀԿ-ն և նրան սպասարկող ուժերը, որոնք այս 20 տարիներին սպասարկել են ՀՀԿ-ին և իրականացրել Մարտի 1-ը, հանցագործ ուժեր են և իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին։ Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ին որևէ ձևով պետք չի պատկերացնել ընդդիմության դերում, նրանք պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Ժողովուրդը շատ լավ է ճանաչում նրանց և ընտրարշավի ժամանակ նրանց այդ մասին ասվելու է։ Մենք ինչպե՞ս կարող ենք դեբատների գնալ հանցագործ ուժերի հետ։
-Բայց չե՞ք կարծում, որ դաշտը սև ու սպիտակի բաժանելով՝ ստացվում է, որ պայքարն ընթանում է մի կողմից «Իմ քայլը» դաշինքի, մյուս կողմից՝ ՀՀԿ-ի միջև։ Այստեղ դուք խնդիր չե՞ք տեսնում։
-Հանրապետականի ուզածն այն է, որ իրենք երևան դաշտում, և այդ առումով սև ու սպիտակի մարտավարությունը իրենց համար ձեռնտու է։ Իրենք հանցագործ են։ Տեսեք, հիմա ասում են՝ մենք սխալվել ենք, մենք վրիպումներ ենք թույլ տվել, բայց այս 20 տարում իրենց արածը ոչ թե սխալներ ու վրիպումներ են, այլ պետական և այլ հանցագործություններ։ Նրանք եղել են կրիմինալ դաշտում։ Հիմա իրենց ձեռնտու է սև ու սպիտակը, որպեսզի մնացած ուժերը դուրս մղվեն, որ իրենք մնան հանրության հիշողության մեջ՝ որպես ռադիկալ, ագրեսիվ ընդդիմադիր ուժ։ Իրենք հիմա պետք է մկան ծակին հազար թուման տային և դուրս չգային, բայց տեսնում ենք, որ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում, քննադատում են, խոսում են և այլն։ Դրա համար մենք ասում ենք, որ հանցագործի տեղը պետք է անազատության մեջ լինի, ոչ թե ժողովրդի ուշադրությունը շեղեն իրենց ագրեսիվ մոտեցումներով։
-Բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կլինի։
-Բոլոր առողջ ուժերի, այդ թվում՝ «Սասնա ծռերի» խնդիրն է քարոզչությունն իրականացնել այնպես, որպեսզի թույլ չտան, որ 5-րդ շարասյունը սողոսկի Ազգային ժողով։ Եթե 5-րդ շարասյունը սողոսկելու է ԱԺ, դա նշանակում է, որ գործող ականը ցանկացած պահի, դրսի ազդակների դեպքում կարող է գործել։ Մեր առողջ ուժերի խնդիրն է կանխել այդ գործընթացները։
-Պարոն Մակեյան, նշվում է, որ ՀՅԴ-ն էլ շանս չունի նոր խորհրդարանում հայտնվելու, որովհետև նրա համակիրների մեծ մասը իր ձայնը կտա «Սասնա ծռերին»։ Համամի՞տ եք արդյոք այդ գնահատականներին։
-Մեր հանրության մեջ ազգայնականների շերտ կա, որը նախկինում միշտ քվեարկել է ՀՅԴ-ի օգտին։ Հիմա, բնականաբար, այդ շերտը հիասթափված է Դաշնակցությունից, քանի որ վերջինս վերջին 20 տարիներին կոալիցիաների մեջ մտնել-դուրս գալով, ընդդիմություն լինել, չլինելը, այս ամբողջ խաղերը հանրություն զգում է։ Բացի դրանից՝ Դաշնակցությունը ևս Մարտի մեկից հետո կոալիցիոն ուժ է, այսինքն՝ Մարտի մեկի արյան համար Դաշնակցությունը նույնպես ունի պատասխանատվություն։ Դրա համար նրանց համար շատ բարդ կլինի քարոզչություն անել և մտնել ԱԺ, որովհետև իրենք ԱԺ նախ մտել են սկզբում Քոչարյանի բարի կամքով, հետո՝ Սերժ Սարգսյանի։
-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ «Սասնա ծռեր» կուսակցությունը շանս ունի խորհրդարանում հայտնվելու։
–Նախ՝ ես, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, հայտնվել եմ «Սասնա ծռերի» ցուցակում ոչ միայն 2015 թվականից, երբ մենք ունեցել ենք ընդհանուր համագործակցության դաշտ, այլ նրանք ազգային, բարոյական, նվիրյալ մարդիկ են, և իրենք դա ապացուցել են ոչ մեկ անգամ. 90-ականներին, երբ Արցախը վտանգի մեջ էր, իրենք այնտեղ էին, երբ Քառօրյա պատերազմին դավադիր քայլեր արվեցին, իրենք ցույց տվեցին իրական պատկերը, երբ փորձում էին նսեմացնել ժողովրդին։ Նրանք նվիրյալներ են, և եթե հիշում եք, երբ նրանք ապստամբեցին, հանրության մեծ մասը նրանց ընդունում էր որպես հերոսներ։ Նրանք նվիրյալներ են, և հանրության մեջ, բնականաբար, այդ նվիրյալների շերտը կա, իսկ թե որ մասը կգնա և կքվեարկի, ընտրությունների ժամանակ կերևա։
-«Սասնա ծռերը» միշտ բավականին ռադիկալ են եղել։ Դուք ձեր և նրանց միջև այս առումով հակասություն չե՞ք տեսնում։
-Նրանք ռադիկալ եղել են այն ժամանակ, երբ եղել է բռնապետություն։ Այն ժամանակ այդ ոճով են հանդես եկել։ Հիմա հեղափոխություն է տեղի ունեցել, ընթանում եմ ժողովրդավարական գործընթացներ և, բնականաբար, արմատական գիծը հասել է զրոյականի, այսինքն՝ նրանք մտել են քաղաքակիրթ կուսակցական շինարարության և ընտրական գործընթացի մեջ։ Այս պարագայում մենք որևէ հակասություն չունենք դեռ 2015-ից, երբ ռեժիմը կար։ Այդ ռեժիմի պարագայում այլընտրանքային որևէ ճանապարհ չէին թողել, և արմատականությունը այն ժամանակ նորմալ էր։ Մենք այն ժամանակ էլ համագործակցում էինք, և հիմա էլ համագործակցում ենք քաղաքական հարթության մեջ։
-Այսինքն՝ այլևս ռադիկալ քայլերի չեն գնալո՞ւ։
–Ես կարծում եմ՝ մեր երկիրը զարգանում է ժողովրդավարական ուղիով, և այս պարագայում ռադիկալիզմի անհրաժեշտություն բացարձակապես գոյություն չունի, և դա իրենք արդեն ոչ մեկ անգամ հեղափոխությունից հետո հայտարարել են։
-Անգամ, եթե ձեր պատկերացրած ուղիո՞վ չգնա երկիրը։
-Կարծում եմ՝ «Սասնա ծռերի»՝ ԱԺ-ում լինելու գլխավոր նպատակն այն է, որ երկիրը գնա մեր ուզած ուղիով, այսինքն՝ հեղափոխության արժեքները պահպանվեն, և հեղափոխության լիակատար հաղթանակն ապահովվի։
Լուսանկարը՝ Photolure-ի









































