Երեկ գիշերը՝ ժամը 1.30-2.00-ի սահմաններում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձորի N զորամասում: Ժամկետային զինծառայող, Երևան քաղաքի բնակիչ Վահագն Գրիգորյանն արդեն մոտ մեկ ամիս խնդիրներ է ունեցել զինծառայակիցներ ոմն Ռոմանի և Լյովայի հետ, որոնք, զինվորի հոր խոսքով, «հեղինակություն» են զորամասում: Վահագնը զանգել, այդ մասին պատմել է միջնեկ եղբորը՝ Հայկին, որն էլ, վերցնելով երևանցի իր 3 ընկերներին, պարզաբանումներ ստանալու նպատակով գիշերով եկել, ավտոմեքենայով անարգել մտել են զորամաս: Խոսակցության ընթացքում վիճաբանություն, ապա քաշքշուկ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Հայկի ընկերներն ու զինվոր եղբայրը՝ Վահագնը, կարողացել են փախչել, իսկ ինքը ծեծի է ենթարկվել զինվորների կողմից:
«Բոլոր ծառայողները՝ վաշտ է, թե գումարտակ է, ինչ է, բոլորը լցվել են վրեն, ծեծել են: Սպաներից չգիտեմ ով է, որ ձեռներից վերցրել է, որ չսպանեն»,- պատմում է Վահագն և Հայկ Գրիգորյանների հայրը: Վերջինս ընդունում է, որ որդին ու ընկերները սխալ են եղել՝ գալով զորամաս, բայց նրան առավել հետաքրքրում է, թե ինչպես են նրանք, լինելով շարքային քաղաքացիներ, կարողացել մուտք գործել արգելված տարածք՝ առավել ևս այդ գիշերվա՝ ոչ տեսակցության ժամին. «Ինձ հետաքրքրում է, թե ոնց են հասել զորամաս: Էդտեղ՝ ԿԿՊ-ում մարդ չի՞ եղել, կամ սպաներից մարդ չի՞ եղել, դնևալնի չի՞ եղել էդտեղ, ո՞նց են գնացել-հասել մինչև զորամասի մեջ, ու զորամասում էդ վիճաբանությունը եղել է՝ ծեծկռտուքը»:
Զինվոր եղբոր համար ծեծկռտուքի մեջ ներքաշված Հայկին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Իսկ հոր հետ մեր զրույցի ժամանակ նա արդեն Վանաձորի ռազմական ոստիկանությունում բացատրություն էր տալիս դեպքի կապակցությամբ: «Ամբողջ մարմինը քերծվածքներ են, ազդրի, պոչուկի շրջանում վնասվածքներ կան, գլուխը ջարդել են, գանգային մասում պատռվածք կա, մի 10 սմ գլուխը բացված է, կար են դրել: Հոսպիտալի բժիշկն ասեց՝ ինքը ադեկվատ է, բայց սրտխառնուք ունի և գլխապտույտ: Չգիտեմ՝ ինչ կարգավիճակով է բացատրություն տալիս արդեն 5 ժամից ավել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց ծեծված տղայի հայրը:









































