Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան չի մասնակցել թիմի` այսօր` չորեքշաբթի օրը տեղի ունեցած մարզմանը, միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի գործակալներն Իսպանիայից ժամանել են Անգլիա, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ ԶԼՄ-ների` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, գործարքի արժեքը գնահատվում է 37 մլն ֆունտ: Եթե տեղափոխությունը կայանա, ապա նա կդառնա ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն նշել է, որ չունի 25-ամյա խաղացողի ծառայությունների կարիքը, քանի որ ընտրություն է կատարել Էդեն Ազարի, Օսկարի ու Վիլիանի օգտին: Մատան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ, իր հերթին, «Չելսի»-ն էլ ցանկանում է ձեռք բերել «Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերը և այդ տեղափոխության համար հերթական առաջարկն է կատարել ակումբին` պատրաստակամություն հայտնելով վճարել 30 մլն ֆունտ, բայց ևս մեկ անգամ մերժում է ստացել:









































