Լոնդոնի «Արսենալի» հաղթարշավը շարունակվում է. Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Ունայ Էմերիի թիմը Լիսաբոնում 1:0 հաշվով առավելության հասավ «Սպորտինգի» նկատմամբ: Սա «Արսենալի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին 11 տարիների ընթացքում լոնդոնյան թիմին չէր հաջողվել նման արդյունք գրանցել: «Արսենալը» 12 խաղերում անընդմեջ հաղթել էր 2007 թվականին Արսեն Վենգերի գլխավորությամբ:
«Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպումը դժվար է գրավիչ և դիտարժան որակել: Խաղի ընդհանուր պատկերը փչացնում էին հատկապես կոպիտ սխալները, որոնք թույլ էին տալիս թե՛ «Սպորտինգի» և թե՛ «Արսենալի» ֆուտբոլիստները: Ինչպես Անգլիայի պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Լեսթերի» հետ մրցավեճում, այդպես էլ երեկ «Արսենալի» ֆուտբոլիստները հանդիպման սկզբնամասում թույլ խաղ ցուցադրեցին: Մասնավորապես, մեծ դժվարությամբ էր հաջողվում դուրս գալ սեփական կիսադաշտից: «Արսենալին» չէր հաջողվում նաև վերահսկել գնդակը, ինչի հետևանքով էլ մրցակիցը վտանգավոր գրոհներ էր ձեռնարկում:
Նախորդ հանդիպման համեմատ Էմերին հիմնական կազմից դուրս էր թողել թիմի առաջատար Մեսութ Օզիլին, պաշտպան Հեկտոր Բելերինին, կիսապաշտպաններ Ալեքս Իվոբիին, Լուկաս Տորեյրային և հարձակվող Ալեքսանդր Լակազետին: Ավելին, այս անգամ «Արսենալը» խաղաց ընդգծված հարձակողական 4-3-3 դասավորությամբ: Կարծում ենք՝ ակնհայտ էր, որ ավելի թույլ խաղի պատճառներից էին նաև նշված մարտավարական և կադրային փոփոխությունները:
Միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ Էմերին, կատարելով 5 փոփոխություն, ըստ էության մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց: Ավելի ստույգ՝ արդեն հոկտեմբերի 28-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Արսենալը» հյուրընկալվելու է «Կրիստալ Փելեսին», և այս մրցավեճում լոնդոնյան թիմը կներկայանա օպտիմալ, թարմ կազմով: Նույնիսկ ոչ այնքան ուժեղ կազմով «Արսենալը» 3 միավոր վաստակեց Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ խմբում ամրապնդվելով առաջին հորիզոնականում:
Վերջին շրջանում «Արսենալի» արդյունավետ ելույթները մեծապես պայմանավորված են Էմերիի մարտավարական լուծումներով: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հիմնական խնդիրներից էին ֆուտբոլիստների շարունակական բնույթի վնասվածքներն ու կադրերի պակասը: Էմերիին կարծես հաջողվել է լուծել այս խնդիրը, որին հաջորդեց զգալի վերելքը: Ի դեպ, «Սպորտինգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Էմերին բացառիկ արդյունք է սահմանել Եվրոպա լիգայի խաղարկությունում: Իսպանացի մասնագետը 34-րդ հաղթանակը տոնեց հեղինակավոր մրցաշարում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Նախկինում Էմերին գլխավորել է իսպանական «Վալենսիան», «Սևիլիան», Մոսկվայի «Սպարտակն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Հիշեցնենք, որ Էմերին «Սևիլիայի» հետ 3 տարի անընդմեջ հաղթել էր Եվրոպայի լիգայում:
Ինչևէ, 4-3-3 դասավորության պայմաններում Հենրիխ Մխիթարյանը կատարեց աջ եզրային հարձակվողի պարտականությունը: Միևնույն ժամանակ Մխիթարյանը շարունակ նահանջում էր և օգնում թե՛ կիսապաշտպաններին և թե՛ պաշտպաններին: Նշենք, սակայն, որ առջևի գծում մեր հավաքականի ավագի գործողությունները արդյունավետ չէին:
«Football London» պարբերականը Մխիթարյանի խաղը գնահատել է ընդամենը 6 բալով՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստը կրկին ոչնչով չտպավորեց: «Հերթական անգամ Մխիթարյանը պարզապես խաղում էր եզրում՝ առանց որևէ ազդեցության: Շատ գնդակներ ստացավ առաջին կեսում, բայց այդպես էլ չկարողացավ նշանակալի որևէ բան անել»,- գրել է պարբերականը: Մեկ այլ պարբերականի՝ «Whoscored»-ի վարկածով, Մխիթարյանը «Արսենալի» կազմում ամենացածր գնահատական ստացած խաղացողների շարքում է: Մասնավորապես, 6.8 գնահատականի են արժանացել նաև կենտրոնական պաշտպան Հոնդինգն ու կիսապաշտպան Էլնենին, որը երկրորդ խաղակեսում փոխարինվեց: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է հույն պաշտպան Սոկրատիսը, որն արժանացել է 7.5 գնահատականի:
Ընդհանուր առմամբ չի կարելի է ասել, որ Մխիթարյանը վատ հանդիպում անցկացրեց: Էմերիի սխեմայում, սակայն, մեր ֆուտբոլիստը դեռևս չի գտել իր խաղը: Իսպանացի մասնագետը շարունակում է վստահել հայ ֆուտբոլիստին, և հուսանք, որ Մխիթարյանին այնուամենայնիվ կհաջողվի ավելի արդյունավետ գործել:
«Ես վայելում եմ աշխատանքս և «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլը: Խաղից խաղ մեծանում է պատասխանատվությունը, և դա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատենք: Մենք ցանկանում ենք, որ հաղթարշավը շարունակվի, սակայն դա հեշտ չէ, և չի բացառվում նաև, որ պարտվենք: Ներկայում մեր գլխավոր խնդիրը առաջին խաղակեսերում խաղի որակը բարձրացնելն է»,- «Սպորտինգի» հետ հանդիպումից հետո ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը «Արսենալն» անցկացնելու է ընդամենը երկու օր հետո՝ մրցելով «Կրիստալ Փելեսի» հետ: Պրեմիեր լիգայում «Արսենալը» 9-րդ տուրից հետո վաստակել է 21 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Լոնդոնյան թիմն ընդամենը երկու միավորով է զիջում առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»:






































