Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում թիմի նպատակների մասին:
«Փետրվարին մենք անցկացնելու ենք կարևոր հատված: Այդ ամսվա ընթացքում մենք կունենանք մի քանի դժվարին հանդիպումներ առաջնությունում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում:
Մրցաշրջանի սկզբին մենք մեր առջև նպատակ էինք դրել կրկնել միջազգային ասպարեզում նախորդ տարվա հաջողությունը, այն է` քառորդ եզրափակիչ փուլ հասնելը, որտեղ թիմը զիջեց «Բարսելոնա»-ին: Բայց այժմ մեր նպատակը Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելն է: Միայն այդպիսի նվաճման դեպքում մենք կհամարվենք աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը»,- ասել է Բլանը:
Հիշեցնենք, որ փարիզցիները եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում մրցելու են Լևերկուզենի «Բայեր»-ի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 18-ին, Գերմանիայում:








































