ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարներն ընդլայնված գործընկերության վերաբերյալ նոր հռչակագիր կստորագրեն դաշինքի՝ հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հունիսի 8-ին հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ բացելով պաշտպանության նախարարների նիստը, որը նվիրված Է երկու կառույցների փոխգործակցությանը: «Հուլիսի գագաթնաժողովում մենք կստորագրենք նոր հռչակագիր, որպեսզի ավելի խորացնենք մեր համագործակցությունը»,-ասել Է Ստոլտենբերգը»:
Նա հիշեցրել Է, որ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համագործակցության մասին պատմության մեջ առաջին հռչակագիրը երկու կառույցների ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրվել Է 2016 թվականի հուլիսին Վարշավայում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, խոսքը, մասնավորապես, վերաբերում Է համագործակցությանը ռազմական շարժունակության՝ Եվրամիության երկրներով զորքերի եւ տեխնիկայի տեղափոխությունների դյուրացման, կիբեռանվտանգության եւ Իրաքի հարցում, որտեղ ԵՄ-ն նպաստում Է քաղաքացիական անվտանգության սեկտորի զարգացմանը, ինչպես նաեւ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստմանը:









































