Լինել հետևողական և բացառել հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով կայանների շահագործումը. այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարական է տվել հունիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցությանը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 24 հազար 735 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ և ուսումնական վարժանքներ: Հովհաննես Եմիշյանը նշեց, որ վերահսկվում է տրված բոլոր հանձնարարականների կատարումը, ընթացքի մեջ են ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության և փրկարարներին որակյալ համազգեստով ապահովման հարցերը: Նախարարին զեկուցվեց նաև Բելառուսում կայանալիք պատանի փրկարարների միջազգային մրցումներին ՀՀ ԱԻ նախարարության մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Օհանյանը զեկուցեց, որ, ըստ նախարարի հանձնարարականի, շարունակվում են ստուգումները համակարգի տարբեր ստորաբաժանումներում, անդրադարձավ ներդրումային ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նա նաև նշեց, որ արդիականացվում են ԱԻՆ կառավարման համակարգի հարցերը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանն իր զեկույցում նշեց խոշոր սուպերմարկետներում հրդեհային անվտանգության ստուգումների ավարտի մասին, որից հետո կներկայացվեն արդյունքներն ու առաջարկությունները: Տեսչության պետը նշեց նաև, որ ընթացքի մեջ է 22 հրդեհի դեպքի հետաքննություն: Անդրադառնալով շարժական գազալցակայանների խնդրին՝ Աշոտ Մկրտչյանը նշեց, որ տվյալ ոլորտում դեռ բաց են խնդիրները:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց հետևողական լինել մարզերում շարժական գազալցման կայանների շահագործման ընթացքին և բացառել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով կայանների շահագործումը: Այդ նպատակով նախարարը հանձնարարեց նաև պաշտոնական նամակով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մարզերում խնդիրը վերջնականապես կարգավորելու ուղղությամբ:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ուսումնական վարժանքների կազմակերպման և հրշեջ-փրկարարական հենակետերի վերանորոգման աշխատանքների մասին։ Նախորդ շաբաթ Արցախում գրանցվել է 303 ահազանգ: Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին:
Նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետներում կազմել և ներկայացնել ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում հաշվառված ծառայողական մեքենաների տվյալներն ու շահագործման տարիները, պատշաճ կազմակերպել հունիսի 26-27-ը Երևան քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված տարածաշրջանային պլատֆորմի ընթացիկ աշխատանքները:
Նախարարը կրկին անդրադարձավ համակարգի կադրային քաղաքականությանը և հանձնարարեց ծրագրեր մշակել՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած ուսանողներին նախարարությունում աշխատանքի ընդունման ուղղությամբ:
Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը կրկին շեշտեց, որ դեմոնոպոլիզացման գործընթացը պետք է ավարտել մինչև շաբաթվա վերջ:









































