Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր մեկնաբանությունն է տվել երեկ մեծ քննարկումներ առաջացրած դրվագի առիթով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 14-րդ տուրի «Մայնց»-ի հետ մրցավեճի (1:3) վերջնամասում դորտմունդցիները ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք: Այն պատրաստվում էր իրացնել Հենրիխ Մխիթարյանը, սակայն գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ցուցումով գնդակին մոտեցավ լեհ հարձակվողը: Հայ ֆուտբոլիստն այդ դրվագից հետո թիմակիցների հետ չնշեց դարպասի գրավումն ու վերադարձավ խաղադաշտի կենտրոն:
Կլոպը հանդիպումից հետո հայտարարեց, որ արդեն ներողություն է խնդրել Մխիթարյանից, և այդ իրադրության մեղավորն ինքն էր:
«Իրականում ես պետք է կատարեի հարվածը, սակայն գնդակը նշակետին տեղադրեց Միքին: Նա ցանկանում էր հարվածել: Մարզիչը 2 ձեռքերով ցույց էր տալիս, թե ով պետք է իրացնի հարվածը, բայց մենք չէինք հասկանում` քանի մատ է նա ցույց տալիս` տաս, թե՞ ինը: Այնուհետև նա հստակ ինձ մատնացույց արեց: Դա ընդամենը թյուրիմացություն էր, որը կարող էր պատահել»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:









































