Ղազախստանը ստորագրել է 10 միլիարդ դոլարի համաձայնագիր ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական հսկայի և Firebird ընկերության հետ՝ երկրում արհեստական բանականության (ԱԲ) լայնածավալ ենթակառուցվածքներ զարգացնելու նպատակով։
Այս ռազմավարական նախագիծը, որը ներառում է Էկիբաստուզում «Տվյալների կենտրոնների հովտի» (Data Center Valley) ստեղծումը, նպատակ ունի Ղազախստանը վերածել եվրասիական տարածաշրջանի ԱԲ-ի հաշվողական և թվային հանգույցի։
Նախագիծը, որը նախատեսվում է գործարկել 2027 թվականին, ներառում է 100,000 գերժամանակակից NVIDIA գրաֆիկական պրոցեսորների (GPU) տեղակայում, ինչը, ըստ կանխատեսումների, տարեկան կտրվածքով կապահովի առնվազն 3 միլիարդ դոլարի արտահանման հասույթ։
Այս նախաձեռնությունը հատկապես ուշագրավ է Firebird-ի գործունեության համատեքստում, քանի որ ընկերությունը նմանատիպ ծրագրեր է իրականացնում նաև մեր տարածաշրջանում։
Հատկանշական է, որ Firebird-ն արդեն իսկ իրականացնում է խոշոր ԱԲ զարգացման նախաձեռնություն Հայաստանում, որը դիտարկվում է որպես Հարավային Կովկասում Հայաստանը նորարարական և տեխնոլոգիական հանգույց դարձնելու կարևորագույն կատալիզատոր։
Ընկերության հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի և համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի ղեկավարությամբ, Firebird-ը ձգտում է Հայաստանը տեղավորել աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների շարքում՝ ստեղծելով նոր տեխնոլոգիական տնտեսության ամուր հիմքեր։







































