«Հետք» էլեկտրոնային պարբերականը նախօրեին մի նյութ էր թողարկել, որտեղ անդրադարձ էր կատարել վարչապետի հանձնարարականների կատարմանը՝ մասնավորապես համայնքների հնգամյա զարգացման ծրագրերին, որոնց վրա, պարզվում է, համայնքների ղեկավարները բացարձակ չեն աշխատել։ Մի քանի տասնյակ համայնքների դեպքում դրանք պարզապես տառացիորեն արտագրված են։ Փոփոխված է միայն համայնքի անունը։ Մնացած ամեն ինչ՝ առաջիկա 5 տարիների համայնքի հիմնական նպատակները, համայնքի զարգացման տեսլականը, բյուջեները, համայնքում իրականացվող ծրագրերը և անգամ համայնքապետի ողջույնի խոսքը բառացի արտագրություն է։ Բայց այս հանգամանքը, փաստորեն, չի խանգարել, որպեսզի վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատի զարգացման այդ ծրագրերը։
Օրինակ՝ «Համայնքում իրականացվող ծրագրեր» բաժնում Բամբակաշատ համայնքը նշել է, որ համայնքի տարածքում պետության կողմից գալիք հինգ տարիների ընթացքում նախատեսվող (շարունակվող) հանրապետական, մարզային ծրագրեր և միջոցառումներ նախատեսված չեն:
Չեն նախատեսված նաև հարևան համայնքների հետ համատեղ, գալիք հինգ տարիների համար նախատեսվող (շարունակվող) միջհամայնքային համագործակցության նպատակային ծրագրեր և միջոցառումներ:
Չեն նախատեսված նաև միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների, արտասահմանյան երկրների համայնքների հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող (շարունակվող) ծրագրեր և միջոցառումներ:
Չեն նախատեսված նաև տեղացի և արտասահմանյան բարերարների կողմից իրականացվող ծրագրեր:
Չեն նախատեսված նաև համայնքի վարչական տարածքում մասնավոր ընկերությունների կողմից նախատեսվող (շարունակվող) ծրագրեր, ներդրումներ և միջոցառումներ:
Պետության կողմից իրականացվող ծրագրերի ներդրումը խթան կհանդիսանա համայնքի զարգացման համար (սակայն դեռևս այն նախատեսված չէ):
Բառացիորեն նույն տեքստը ներկայացված է նաև Մայիսյան համայնքի զարգացման ծրագրում։
Մայիսյան համայնքի տարածքում պետության կողմից գալիք հինգ տարիների ընթացքում նախատեսվող (շարունակվող) հանրապետական, մարզային ծրագրեր և միջոցառումներ նախատեսված չեն:
Չեն նախատեսված նաև հարևան համայնքների հետ համատեղ, գալիք հինգ տարիների համար, նախատեսվող (շարունակվող) միջհամայնքային համագործակցության նպատակային ծրագրեր և միջոցառումներ:
Չեն նախատեսված նաև միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների, արտասահմանյան երկրների համայնքների հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող (շարունակվող) ծրագրեր և միջոցառումներ:
Չեն նախատեսված նաև տեղացի և արտասահմանյան բարերարների կողմից իրականացվող ծրագրեր:
Չեն նախատեսված նաև համայնքի վարչական տարածքում մասնավոր ընկերությունների կողմից նախատեսվող (շարունակվող) ծրագրեր, ներդրումներ և միջոցառումներ:
Պետության կողմից իրականացվող ծրագրերի ներդրումը խթան կհանդիսանա համայնքի զարգացման համար (սակայն դեռևս այն նախատեսված չէ):
Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, չընդունեց, որ արտատպում է իրականացվել։ Ասաց՝ որ իրենք շարադրել են իրենց համայնքի խնդիրները։ «Ամեն ինչ մեր մասով ա գրվել։ Ասենք՝ էսօր հրատապ գործեր կան, մենք էլ դա անհրաժեշտություն ենք քթել, վերցրել ենք, ուղարկել ենք ծրագիրը»,- ասաց համայնքի ղեկավարը։
Մեր դիտարկմանը՝ անձամբ հետևել, կարդացել է, իր համայնքի հնգամյա ծրագիրը կառավարություն ուղարկելուց առաջ, Մովսիսյանը պատասխանեց. «Նայվել ա, համապատասխան հանձնարարականը տրվել ա, աշխատակազմի ղեկավարը լրիվ նայել արել է»։
Հարցին՝ բա ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, ձեր համայնքի զարգացման ծրագիրը տառացիորեն ոչնչով չի տարբերվում Բամբակաշատի զարգացման ծրագրից, միայն համայնքի անունն է փոխված, գյուղապետն արձագանքեց. «Ես դա չեմ կարա ասեմ, թե ոնց ա եղել։ Ես մենակ կարամ ասեմ, որ մեզ ինչ պետք ա եղել, մենք դա շարադրել ենք։ Ես մնացածի տեղը չեմ կարա ասեմ, թե ոնց ա եղել, որ նույնն ա, բայց մենք ոչ մեկից չենք արտագրել։ Մեզ պետք ա եղել էդ ձևի գրելը, մենք տենց էլ նշել ենք։ Ես դրան անձամբ ծանոթացել եմ և որևէ թերություն չեմ տեսել»։
Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանը անակնկալի եկավ արտատպելու վերաբերյալ մեր հարցից։ Ասաց, որ անձամբ է աշխատել զարգացման ծրագրի վրա։ «Ես անձամբ մեր թիմով եմ մշակել էդ զարգացման ծրագիրը։ Իմ կարծիքով՝ թերություններ չեն եղել։ Ես կուսումնասիրեմ, կպարզեմ, թե ինչպես է եղել, որ նույն տեքստը այլ համայնքների դեպքում ևս կրկնվում է»,- ասաց Եղիազարյանը։
Այս երկու համայնքների դեպքում նույնիսկ բյուջեներ են արտագրել միմյանցից՝ չնայած նրան, որ դրանց ծախսերը նախատեսված են տարբեր նպատակների համար։ Օրինակ՝ Բամբակաշատ համայնքը երկրորդային փողոցների փոսալցման համար ներկայացրել է նույն տողերով և ծախսերով բյուջե, ինչ Մայիսյան համայնքը գիշերային լուսավորության անցկացման համար։ Համայնքապետերը այդպես էլ, սակայն, չկարողացան պատասխանել, թե ինչպես է այս համընկնումը եղել։ Փոխարենը պնդեցին, որ իրենք իրենց կարիքներն են ներկայացրել։ Գուցե համընկնումը զուտ զուգադիպություն է։
Ըստ «Հետքի» նյութի՝ Արմավիրի տարածաշրջանի Արտաշարի համայնքապետը, օրինակ, նույնիսկ ջանք չի թափել նախորդ տարվա «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա»-ով։ Համայնքի ղեկավար Մանվել Օհանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, պնդեց, թե հնարավոր չէ նման բան։ Մինչդեռ, կառավարության կայքում ներկայացված զարգացման ծրագրից շատ պարզ երևում է քառամյա բառը։ «Դա բացառվում է, քանի որ ծրագիրը շատ լավ ուսումնասիրվել և նոր ուղարկվել է։ Ինչ մնում է արտագրելուն, ապա նման բան չկա, դա բացառված է։ Ամեն համայնք իր զարգացման ծրագիրն ունի, իր խնդիրներն ունի, ու ոչ ոք չէր կարող դնել ու արտագրել մյուսի ծրագիրը, այն դեպքում, որ խնդիրները տարբեր են»,- ասաց Օհանյանը։
Մեր դիտարկմանը, որ հենց այդպես էլ ստացվել է, համայնքապետն ասաց. «Չի կարող նման բան լինել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա դա չէր կարող արտատպված լիներ նախորդ տարվա զարգացման ծրագրից»։ «Մենք հնգամյա ծրագրում հստակ նախատեսված ծրագրեր ունենք լուսավորության և այլնի վերաբերյալ։ Իսկ քառամյայի ժամանակ նման խնդիր չէինք դրել»,- ասաց Օհանյանը՝ անկեղծորեն խոստովանելով, որ բացթողումներ հնարավոր է լինեին, քանի որ քիչ ժամանակ էր տրված վարչապետի հանձնարարականի համար, բայց արտատպումը բացառեց։









































