Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցավարական կոմիտեի ղեկավար Մայքլ Ռայլիի խոսքերը, ով «Վեսթ Բրոմվիչ»-ից ներողություն էր խնդրել «Չելսի»-ի դեմ խաղում թիմի դարպասին մրցավարի նշանակած սխալ 11մ հարվածի համար:
«Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, որ նա ներողություն է խնդրել, այլ այն, թե ինչպես դրան կարձագանքի մամուլը: Եթե մրցավարները ներողություն խնդրեին բոլոր սխալների համար, հեռախոսս միշտ զբաղված կլիներ:
Բայց ինձ ոչ ոք չի զանգահարել և ներողություն խնդրել, օրինակ, այն բանի համար, որ նշանակվեց տուգանային հարված, որից հետո «Վեսթ Բրոմվիչ»-ը երկրորդ գոլը խփեց: Ինչու՞ ոչ ոք չի զանգահարում Քրիս Հյութոնին, Սթիվ Բրյուսին ու Միքայել Լաուդրուպին:
Վերաբերմունքը պետք է հավասար լինի բոլորի նկատմամբ»,- հայտարարել է Մոուրինյոն:



































