«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը խաղադաշտ, հավանաբար, կկայանա 2014 թվականի առաջին օրերին: Ֆուտբոլիստը և թիմի բժիշկները հուսով են, որ «կապտանռնագույններ»-ի առաջատարը կարող է մասնակցել «Էլչե»-ի դեմ խաղին` հունվարի 5-ին: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մեսսին շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով: Մինչև նոյեմբերի վերջը հարձակվողը կաշխատի Կատալոնիայում, իսկ դեկտեմբերին հայրենիք կմեկնի: Արգենտինայի հավաքականի ավագի ապաքինման պլանը մշակել են «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի բժիշկները:
Հավելենք, որ ի սկզբանե ենթադրվում էր, թե Մեսսին կարող է խաղադաշտ վերադառնալ միայն 2014 թվականի հունվարի 12-ից հետո և փաստորեն բացառվում էր նրա մասնակցությունը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, ինչը ֆուտբոլիստի ավելի շուտ ապաքինման դեպքում հնարավոր կդառնա:









































