Apple ամերիկյան կորպորացիան խոստովանել է, որ միտումնավոր իջեցնում է iPhone-ի հին մոդելների աշխատանքի արագությունը։ Ընկերությունում հայտարարել են, որ դա արվում է սմարթֆոններում տեղադրված լիթիում-իոնային մարտկոցների ավելի լավ աշխատանք ապահովելու համար։
iPhone-ի հայտարարությունում ասվում է, որ պրոցեսորների տակտային հաճախականության նվազեցումը մեծամասամբ աննկատ է մնում օգտատիրոջ համար, սակայն թույլ է տալիս բարձրացնել մարտկոցի աշխատանքի տևողությունը և լուծել խնդիրները՝ կապված սմարթֆոնների ակամա անջատումների հետ։
«Անցած տարի մենք հավելել ենք այդ գործառույթը iPhone 6-ում, iPhone 6s-ում և iPhone SE-ում՝ կանխելու ակամա անջատումները։ Մոտ ժամանակներս այն կհայտնվի նաև iPhone 7-ում՝ iOS 11.2 թարմացումը թողարկելու հետ մեկտեղ»,-ընկերության հաղորդագրությունն է փոխանցում TechCrunch-ը։









































