Համացանցում հայտնվել է ռեսուրս, որը հավաքում և արխիվացնում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին ողջ տեղեկատվությունը: Ռեսուրսը գտնվում է zuckerbergfiles.org հասցեում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Արխիվը ներառում է Ցուկերբերգի բոլոր հրապարակային ելույթների ձայնագրությունները, նրա բոլոր գրառումների, հարցազրույցների, ելույթների, ընկերության բաժնետերերին հասցեագրված նամակների տեքստերը, ինչպես նաև Facebook-ի հիմնադրի մասին պատմող հրապարակումների մատենագիտական տվյալներ:
Ներկայում կայքում տեղադրված է ավելի քան 100 տեքստային նյութ և մոտ 50 տեսահոլովակ: Դրանցից ամենավաղ շրջանի նյութերը թվագրվում են 2004 թվականով:
Ցուկերբերգի բոլոր ֆայլերին հասանելիություն է տրամադրվում միայն գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին: Ֆայլերն ուսումնասիրելու ու ներբեռնելու համար պետք է թույլտվություն խնդրել ռեսուրսի հիմնադրից՝ ներկայացնելով նամակ՝ հետաքրքրվող անձի անունը, գիտական կազմակերպության անվանումը նշելով ու նախագծի կարճ նկարագրությամբ, որի շրջանակում կատարվում է տեղեկատվության հարցումը:
Zuckerbergfiles.org-ը գործարկվել էր դեռևս անցած շաբաթվա վերջին: Այդ մասին Twitter-ում հայտնել էր դրա հիմնադիր, ԱՄՆ-ի Վիսկոնսին-Միլուոկիի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Զիմերը: