Հայաստանի մուտքը Մաքսային միություն տեխնիկապես կամ տնտեսական իմաստով պարզապես հնարավոր չէ: Սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո այդպես էլ չնշմարվեց, թե, օրինակ, ինչպե՞ս է լուծվելու ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
Մասնավորապես՝
1. Ինչպե՞ս է լուծվելու վրացական ապրանքների հարցը: Մաքսային միության կանոնադրության համաձայն՝ ով այդ միության մեջ չէ, նրանից ապրանք ներմուծելիս բարձր մաքսատուրք պետք է գանձվի: Վրաստանը մաքսային միության մեջ չէ, հետևաբար ստիպված բարձրացվելու են նաև այնտեղից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Բնական է, որ Վրաստանը ևս պատասխան քայլերի կդիմի, մասնավորապես՝
ա. կարող է բարձրացնել Հայաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը,
բ. կարող է ավելացնել տրանզիտի գները:
Քանի որ Հայաստանի ու Վրաստանի ապրանքաշրջանառությունը դեռևս շատ մեծ չէ (130 մլն դոլար՝ 2012-ին), ամենայն հավանականությամբ Վրաստանը կընտրի երկրորդ տարբերակը: Հատկապես, որ խնդիրը Մաքսային միությունն է, և իմաստ չունի Վրաստանի կողմից Հայաստանի հետ առևտուրը է՛լ ավելի դժվարացնելու: Իսկ հենց բարձրացվեն տրանզիտի վճարները, կդժվարանա մեր առևտուրը (և՛ ներմուծումը, և՛ արտահանումը) Ռուսաստանի հետ: Այսինքն` ինչպես արդեն շեշտել էինք նախկինում, մտնելով Մաքսային միություն` մենք կդժվարացնենք այդ երկրների հետ առևտուրը:
2. Ինչպե՞ս է լուծվելու իրար հետ անհամատեղելի երկու գոտիների սահմանների (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու և Մաքսային միության) բախման հարցը: Այսպես, Վրաստանը մտնելու է ԵՄ ազատ առևտրի գոտի, ինչը նշանակում է, որ այդ գոտին ձգվելու է ամբողջ Եվրոպայով ու Թուրքիայով՝ մինչև Վրաստան: Իսկ Մաքսային միության ընթացակարգերը ամբողջությամբ անհամատեղելի են ԵՄ ազատ գոտու ընթացակարգերի հետ (խոսքը ոչ միայն մաքսատուրքերի, այլ ոչ տարիֆային կարգավորումների ու ստանդարտների մասին է): Անհամատեղելիության մասին բազմիցս հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները: Ուստի ակնհայտ է, որ առաջանալու է այդ գոտիների բախման խնդիր:
Նման խնդիր միգուցե չառաջանար, եթե Հայաստանը կարողանար «կպնել» իր գոտուն (Մաքսային միությանը) որևէ չեզոք երկրի, ասենք՝ Ադրբեջանի միջոցով: Բայց քանի որ արտաքին աշխարհ դուրս գալու ու «մեր» միությանը միանալու միակ ուղին անցնում է ԵՄ ազատ առևտրի գոտու միջով, մեր ապրանքները Քրիստոսի չարչարանքների են ենթարկվելու մինչև հասնեն Ռուսաստան և հակառակը: Այսինքն՝ հենց Վրաստանը մտնի ԵՄ ազատ առևտրի գոտի, Հայաստանն էլ՝ Մաքսային միություն, հայկական ապրանքների տեղափոխման համար մաքսային ընթացակարգերը լուրջ գլխացավանք են դառնալու հատկապես մեր արտահանողների համար՝ ստանդարտների ու ոչ տարիֆային կարգավորումների պատճառով:
3. Ինչպե՞ս է լուծվելու Հայաստանում շեշտակի գնաճի հարցը: Հենց որ մենք մտցնենք Մաքսային միության տարիֆները (մաքսատուրքերը), ներմուծվող սպառման ապրանքների գները միանգամից բարձրանալու են, որովհետև ա. հիմնականում ներմուծվում են Մաքսային միության մեջ չմտնող երկրներից և բ. աճելու է Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների ինքնարժեքը: Այսօր էլ մեր կառավարությունն ու ԿԲ-ն չեն կարողանում զսպել գնաճը նպատակային միջակայքի սահմաններում, ուր մնաց կարողանան լուծել գնաճի խնդիրը մեր՝ Մաքսային միություն մտնելուց հետո:
Այսպիսով, Հայաստանի մուտքը Մաքսային միություն մի այնպիսի շոկ է առաջացնելու մեր տնտեսության համար, որ կառաջացներ, ասենք, մի քանի տարի տևողությամբ ռուս-վրացական պատերազմը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անգամ այնպիսի հարված չհասցրեց մեզ 2009-ին, որքան կարող է հասցնել մեր մուտքը Մաքսային միություն: Սա պետք է որ պարզ լինի անգամ ինտելեկտի չափազանց ցածր մակարդակով փայլող մեր կառավարության անդամների համար: Եվ եթե մեր իշխանությունները Հայաստանը վերացնելու հատուկ պատվեր չեն կատարում դրսի ուժերի համար, ուրեմն ակնհայտ է, որ Հայաստանը չի միանա Մաքսային միությանը:
Ստացվում է, որ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունն արվեց բացառապես ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տապալելու համար: Այն բանից հետո, երբ նոյեմբերին Ասոցացման համաձայնագիր ստորագրվի Ուկրաինայի և նախաստորագրվի Վրաստանի ու Մոլդովայի հետ, Հայաստանի իշխանությունները կհայտարարեն, որ թեև շատ էին ուզում մտնել Մաքսային միություն, բայց զուտ տեխնիկա-տնտեսական պատճառներով դա հնարավոր չէ: Ռուսաստանից կհնչեն ըմբռնումով մոտենալու հայտարարություններ, հատկապես որ ռուսների խնդիրը, այն է՝ Հայաստանի տնտեսության արագ մոդեռնացումը (Ասոցացումը) ձախողելը, արդեն լուծվեց: