Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ դարպասապահը տեղը կորցրել էր թիմի մեկնարկային կազմում դեռ այն ժամանակ, երբ գլխավոր մարզիչը Ժոզե Մոուրինյոն էր: Այժմ գլխավոր մարզչի պաշտոնում է Կարլո Անչելոտին, բայց Իկերը կրկին խաղաժամանակ չի ստանում:
Լուրեր էին շրջանառվում, որ Կասիլյասը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը: Պերեսն արձագանքել է հետևյալ կերպ.
«Երբեք մարզչի հետ չեմ քննարկել այդ հարցը: Կասիլյասը լավագույն դարպասապահն է աշխարհում: Նա մեր ընտանիքի անդամն է:
Մեր կազմում հանդես են գալիս աշխարհի 2 լավագույն դարպասապահները: Ժոզեի որոշումն ուներ բացարձակապես մարզական պատճառներ, որից հետո Իկերը վնասվածք ստացավ:
Կասիլյասը պետք է շարունակի աշխատել: Դիեգո Լոպեսն իսկական պրոֆեսիոնալ է: Նրանք երկուսն էլ պատրաստ են պայքարել հիմնական կազմում տեղի համար, և ձմռանը ոչ ոք չի հեռանա թիմից»,- հայտարարել է Պերեսը:









































