Այս տարվա առաջին 6 ամիսներին ավելացել են և՛ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, և՛ զբոսաշրջային նպատակով մեկնածները: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի Հայաստան այցելողների թվին ավելի արագ է մեծացել (անցած տարվա նույն ժամանակի համեմատ 14.3 տոկոսով), քան մեր երկրից զբոսաշրջային նպատակով մեկնողների թիվը (13.6 տոկոս): Ընդ որում Հայաստանում 10 օր հանգստանալու համար փաթեթով եկողները ծախսել են մոտ 1150 դոլար, իսկ ինքնուրույն այցելածները երկու անգամ քիչ: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ զբոսաշրջիկները հիմնականում մնում են հարազատների տանը և չեն ծախսում հյուրանոցի համար, բայցի դրանից գումար չեն տալիս նաև զբոսաշրջային գործակալությանը:
Հայաստանը հատկապես գրավիչ է եվրոպացի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցային տնտեսությունների հաշվետվությունները վկայում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ավելի քան 36 տոկոսը հենց ԵՄ-ից է: Երկրորդն, իհարկե, ԱՊՀ տարածաշրջանն է` մոտ 30 տոկոսով: Սակայն առանձին երկրներից առաջատարը Ռուսաստանն է` մոտ 24 տոկոս ցուցանիշով: Սա պարզ է, որ պայմանավորված է Ռուսաստանում ապրող և աշխատող հայերի մեծ թվով: Իսկ ԵՄ երկրներից առաջատարը Ֆրանսիան է` մոտ 9 տոկոս ցուցանիշով: Այս երկրից մի փոքր առաջ է անցնում Միացյալ նահագները` մոտ 12 տոկոս: Բավական շատ են նաև գերմանացի, իտալացի և անգլիացի զբոսաշրջիկները:









































