Կոլումբիան չի կատարի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը՝ Կարիբյան ծովի՝ Սան Անդրես արշիպելագի շուրջը գտնվող հատվածը Նիկարագուային հանձնելու մասին: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը:
«Մեր Սահմանադրության 101-րդ հոդվածում նշվում է, որ հիմնական օրենքում նշված սահմանները կարող են փոխվել միայն համապատասխան պայմանագրի դեպքում, որը պետք է հավանության արժանանա երկրի կոնգրեսի և վավերացվի նախագահի կողմից:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չեմ ընդունում ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում՝ այնքան ժամանակ, քանի դեռ պայմանագիր չի կնքվել, որը կպաշտպանի կոլումբիացիների իրավունքները, և որը պետք է աջակցություն ստանա մեր Սահմանադրությանը համապատասխան ընթացակարգերով»,- նախագահի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:









































