Դանիայի հավաքականի 3 խաղացողներ մասնակցեցին գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի մամուլի ասուլիսին:
Դանիայի ընտրանու և «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագերը նշեց, որ վաղվա հանդիպմանը հաղթելու և ռևանշի հասնելու մեծ ցանկություն ունի:
«Պետք է վաղն այլ խաղ ցուցադրենք, որպեսզի կարողանանք հասնել դրական արդյունքի: Կոպենհագենում գրանցված 0:4 հաշվի ժամանակ ես խաղադաշտում չէի, սակայն նույն զգացողություններն ունեի, ինչ թիմակիցներս։ Մալթայի հավաքականի դեմ հանդիպմանը շատ դանդաղ էինք խաղում: Կփորձենք շտկել իրավիճակը»,- ասաց Ագերը:
Դարպասապահ Ստեֆան Անդերսենը նշեց, որ երեք խաղում 8 գնդակ բաց թողնելը հաճելի չէ:
«Հույս ունեմ, որ պաշտպանությունում ավելի հաջող կգործենք և մրցակցին թույլ չենք տա գոլեր հեղինակել: Հունիսին գրանցված արդյունքը մեծ ազդեցություն է ունեցել մեզ վրա: Պետք է լավատես լինենք»։
Հարձակվող Նիկլաս Հելենիուսը հայտնեց, որ լավ տրամադրությամբ է ժամանել հավաքական և հիանալի մարզավիճակում է մոտենում խաղին։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































