Այսօր Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ավագ, ռմբարկու, ոգի, շարժող ուժ, արժեքների կրող ու երկրպագուների սիրելի Ռաուլ Գոնսալեսը վերջապես կիրականացնի շատ մարդկանց երազանքը` նորից կրելով «Արքայական ակումբ»-ի մարզաշապիկը:
Սանտիագո Բեռնաբեուի Գավաթի խաղարկության շրջանակներում «Ռեալ»-ն ընդունելու է Ռաուլի ներկայիս թիմին` «Ալ Սադդ»-ին, իսկ Ռաուլը մեկական խաղակես կխաղա թիմերից յուրաքանչյուրում:
Այս խաղով ակումբը հարգանքի տուրք է մատուցում լեգենդար խաղացողին, ով 741 անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մարզաշապիկով` դառնալով 323 գոլի հեղինակ, ինչն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է: Ռաուլը Չեմպիոնների Լիգայի եռակի գավաթակիր է և Իսպանիայի վեցակի չեմպիոն:





































