Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ առաջնահերթություն է տալիս թիմի հաջող ելույթներին Իտալիայի առաջնության շրջանակներում: Եթե թուրինցիներին հաջողվի անընդմեջ նվաճել Իտալիայի չեմպիոնի երրորդ տիտղոսը, պատմական իրադարձություն կլինի ակումբի համար:
«Դեռևս կարող եմ միայն ասել, որ նորեկները բարելավում են իրենց խաղը, ինչը զգացվում է յուրաքանչյուր մարզման ժամանակ: Սակայն Տևեսին, Օգբոնային և Լիորենտեին դեռ ժամանակ է հարկավոր` թիմին լիովին ինտեգրվելու համար:
Իտալիայի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճելն այնքան էլ հեշտ չի լինի: Չէի ցանկանա, որ բարդությունները հիասթափեցնեն սաներիս: Այդ պատճառով ես նրանց նաև հոգեպես եմ նախապատրաստում նոր մրցաշրջանին:
Բազմաթիվ կարծիքների համաձայն` ժամանակն է, որ «Յուվենթուս»-ը պայքարի Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալու համար: Սակայն Իտալիայի չեմպիոնի անընդմեջ երրորդ տիտղոսը պատմական իրադարձություն կլիներ մեր ակումբի համար»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը: