Այսօր ազատամարտիկների մի մասը հանրահավաք կանի Ազատության հրապարակում: Սակայն ազատամարտիկների մի գերակշռող մասը, որ հստակ պահանջներով է հանդես եկել, չի շեղվում իր բուն նպատակներից և հանրահավաքին չի մասնակցելու: «Առաջին լրատվական»-ը այդ կապակցությամբ զրուցեց ազատամարտիկ Կոլյա Քոչարյանի հետ:
– Պարոն Քոչարյան, օգոստոսի 8-ին ազատամարտիկները հանրահավաք են հրավիրել և ասում են, որ ոչ միայն իրենց համար են պայքարում, այլ նաև ողջ ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու համար… Դուք կիսո՞ւմ եք այս պահանջները:
– Նախ ուզում եմ նշել, որ ի սկզբանե մենք՝ ազատամարտիկ ընկերներով, ազատամարտիկների սոցիալական ծանր վիճակը, ինչպես նաև մեր մահացած ընկերների ընտանիքների ծանր վիճակը տեսնելով՝ որոշեցինք մեր ձայնը բարձրացնել և ոչ թե խնդրով, այլ թղթի վրա ձևակերպված պահանջով դիմել կառավարությանը: Մենք, առանց փիլիսոփայության և քաղաքագիտական վերլուծությունների, պարզ ձևակերպել ենք մեր պահանջներն առ այն, որ մենք տղաներով գնացել ենք, հայրենիքի համար պայքարել ենք, ազատամարտիկ՝ ազատության համար պայքարող մարդիկ ենք, մեր մի մասը զոհվել է, մյուս մասը՝ վիրավորվել, մի մասն էլ փառք Աստծո, ոչ վիրավորվել է, ոչ զոհվել, բայց պայքարել են, կռվել և մինչև այսօր էլ կանգնած են ժողովրդի, պետության կողքին:
Մի մասը պատերազմի ավարտից հետո ծառայության անցան պաշտպանության համակարգում, բայց մի մասն էլ գտան, որ իրենց առաքելությունն ավարտվեց և այն, ինչ պետք է անեին, արեցին, պատերազմն ավարտվեց, ամեն մեկը գնաց իր կյանքը շարունակելու, մինչդեռ պետության կողմից սահմանված որևէ արտոնություն, որևէ կարգավիճակ ազատամարտիկներն այդպես էլ չստացան: Մեր հիմնական նպատակը ազատամարտիկների մասին Ազգային ժողովում օրենքի ընդունումն է, որը մեզ հնարավորություն կտա իմանալու մեր կարգավիճակը: Չմոռանանք, որ մենք դեռ պատերազմի մեջ ենք: 1988-ին կար հայրենասիրական ոգին, կանգնեցինք, պայքարեցինք, հաղթանակ տարանք: Մենք չենք մտածել, որ կարող ենք մեռնել կամ վիրավորվել, բայց այսօր Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, եթե ազատամարտիկը զոհվեց, իր ընտանիքը, երեխան ի՞նչ երաշխիքներ կունենա, ինչո՞վ ապահոված կլինի: Գոնե մի օրենք չպե՞տք է լինի, որ կկարգավորի այս ամենը: 25 տարի առաջ մենք պայքարեցինք և այսօր ողորմություն չենք խնդրում, մենք ուղղակի ուզում ենք, որ օրենքով ամրագրված լինի ամեն ինչ:
– Այսինքն՝ հիմա Դուք զգում եք, որ ի սկզբանե հռչակած պահանջներից շեղո՞ւմ է նկատվում: Փաստորեն ազատամարտիկները բաժանվել են երկու մասի՞:
– Կարող եմ ասել, որ պառակտում չկա: Պարզապես մարդիկ, ովքեր դուրս են եկել այդ պահանջով շարունակելու պայքարը, իրենք միասնական են: Տեսեք, գնալով նվազում է ազատամարտիկների թիվը, մի մասը մահանում է տարիների ընթացքում, մինչդեռ այսօր շատանում են ազատամարտիկները, ցուցակագրվում են, բոլորը դառնում են ազատամարտիկ, պատերազմի մասնակից: Իսկ հիմնական ազատամարտիկները բոլորը իրար կողք կողքի են:
– Իսկ հանրահավաքին, այնուամենայնիվ, կմասնակցե՞ք:
– Անձամբ ես չեմ մասնակցելու:
– Այսինքն՝ հանրահավաքի ձևակերպումը, հանրությանը միանալու կոչերը Դուք համարում եք ձեր պահանջներից, բուն նպատակներից շեղո՞ւմ:
– Ես՝ որպես ազատամարտիկ, կարող եմ ասել, այսօրվա դրությամբ ոչ մի ազատամարտիկ էլ ի վիճակի չէ ժողովուրդ հավաքելու, նրան առաջնորդելու:
– Ինչո՞ւ…
– Ժողովրդին կոչ անելը, հավաքելը, ուղղորդելը հանաք-մասխարություն չէ: Ես չեմ ուզում որևէ քաղաքական ուժ խառնվի սրա մեջ: Եվ ես կցանկանայի՝ մեր թղթի վրա գրված պահանջները, որ ներկայացրել ենք, և սառույցը տեղից արդեն կոտրվել է, բոլորը միասնական կանգնեին այս պահանջի կողքը: Այսօր, երբ ասել են, հրահանգներ են տվել, դա դեռ չի նշանակում, թե գործն ավարտվեց: Եվ քանի որ մեր տղաների մի մասը տեղյակ էլ չէ այս ամենից, մենք գնում ենք մարզեր, տեղեկացնում նրանց այդ մասին: Տղաների մոտ հույսը կորել է, եկել են, հավաքվել հավատացել, հետո հուսախաբ եղել, մենք այսօր չենք ուզում որևէ մեկի հետևից գնալ, որ խաբված դուրս չգանք: Մենք ինքներս ուզում ենք մեր ճակատագրի տերը լինել:
Ես այսօր, որպես ազատամարտիկ, հանրահավաք հրավիրեմ, որ ի՞նչ ասեմ, ասեմ, որ գնացել եմ կռիվ, ընկերս վիրավորվել է, ոտքը կոտրվել է, մահացել է, իր ընտանիքին պետությունը տիրություն չի անո՞ւմ: Մենք պահանջում և պարտադրում ենք: Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հաղթական ավարտը: Սերյան Օհանյանը եղել է իմ մարտական ընկերը, Սերժ Սարգսյանը` նույնպես: Այսօրվա դրությամբ իրենցից զուտ պահանջում ենք, որպեսզի իրենք հարցի լուծում տան, երևի իրենք տեղյակ չեն` ինչ է կատարվում, թող բացեն աչքերը, տեսնեն` ինչ է կատարվում, և եթե չհասկանան, մենք՝ ազատամարտիկներով, հավաքվել ենք, պահանջում և պարտադրում ենք: Բայց ես իրավունք չունեմ քաղաքական խաղերի մեջ մտնելու և ինչ-որ կոչեր հնչեցնելու: Պարզապես արդեն համբերության բաժակը լցվել է:
Այսօր ազատամարտիկի անվան հետ խաղացողները, նրա անունից խոսողները ինչ են անում, 3-4 ընկերով թող նստեն ասեն` ինչ-որ մի տեղ եղե՞լ են, մասնակցե՞լ են, թե՞ 88-ին միտինգի են մասնակցել, ասում են՝ մենք ազատամարտիկ ենք:
Ընդհանրապես ազատամարտիկը պետության շահի համար պայքարող, մարտնչող մարդն է:
– Իսկ կարծում եք` սխա՞լ է քաղաքական հարցեր բարձրացնելը:
– Մենք գիտենք, որ ժողովրդի վիճակը ծանր է, սարսափելի մեծ արտագաղթ է, մեր ամենամեծ հարստությունն այսօր հանում ենք դուրս, մարդ չի մնում այս երկրում, որ կանգնի պայքարի: Այդ ամենը տեսնում ենք, հասկանում: Բայց վստահ եմ, որ փորձ է արվում խոչընդոտել մեր նախաձեռնությունը, ինչը չի հաջողվելու: Ինձ շատ հետաքրքիր է, եթե հանրահավաք լինի, ազատամարտիկը, կռվող տղան, երկար-բարակ խոսելու հավես չունի, ինչպես են խոսել, ազատամարտիկը պետք է ասի ու անի…









































