Իրանն ծանր պայմաններում է ապրում պատժամիջոցների պատճառով։ Այս մասին Russia Today-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Իրանի համար հեշտ չէ տնտեսական զարգացումը շարունակելը: Սակայն ժողովուրդը չի բախվում կյանքին սպառնացող դժվարությունների: Մենք ունենք պողպատ արտահանելու հնարավորություն, պողպատի արտադրությունը կրկնակի ընդլայնվել է»,- ասել է նա:
Իրանի նախագահը նշել է երկրի տնտեսության համար նավթից ստացվող եկամուտների մեծ նշանակությունը: «Արտահանման հիմնական ապրանքը նավթն է: Այստեղ մեզ համար կան որոշակի խոչընդոտներ, սակայն դժվարություններ ունեն բոլոր երկրները»,- ասել է նա:
«Իրանն աստիճանաբար կդառնա միջուկային տերություն: Զգալի հաջողություններ են ձեռք բերվել նոր տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է Ահմադինեժադը:
Հունիսի 3-ին ԱՄՆ-ը սկսել է Իրանի մեկուսացման պատժամիջոցների իրականացման նոր փուլ:
Ահմադինեժադի խոսքերով՝ ատոմային զենքի ստեղծումը հակամարդակային նպատակներ չի հետապնդում, «սակայն քանի դեռ կան մրցակիցներ, դա անհրաժեշտ է»։
«Հուսով եմ, ԱՄՆ-ում խելամիտ ուժերը կգերիշխեն և թույլ չեն տա միջուկային զինանոց կիրառել»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Ահմադինեժադն ընդգծել է Իրանի վրա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ճնշումը՝ նշելով Վաշինգտոնի ու Թեհրանի միջև երկխոսության բացակայությունը: Նրա խոսքով՝ ուղիղ երկխոսությունը խնդրի լուծման լավագույն տարբերակն է: «Երկխոսությունը ենթադրում է հավասարություն, այլ ոչ թե բռնություն»,- ասել է նա:
Անդրադառնալով սիրիական հարցին՝ նա նշել է, որ իրավիճակի ռազմական զարգացումն ամեն դեպքում սխալ է, ժողովուրդը պետք է կոնսենսուսի հասնի, սակայն խնդիրը շուտ չի լուծվի:
Ահմադինեժադի խոսքերով՝ սիրիական ճգնաժամը կարող է տարածվել հարևան երկրների վրա:
«Շատերին ձեռնտու է տարածաշրջանում իրադրության նման զարգացումը»,- նշել է Ահմադինեժադը:









































