Պետության կողմից տրամադրած 130.000 դրամանոց սոցիալական փաթեթներն իսկական գլխացավանք են դարձել տուրիստական գործակալությունների աշխատակիցների համար:
Բանն այն է, որ այդ գումարի մոտ 50.000 դրամը նախատեսված է առողջապահության համար, իսկ մնացած 80.000-ը՝ հանգստի: Սակայն այն քաղծառայողները, որոնք այդպիսի փաթեթ են ստանում, տեղյակ չեն, որ հանգիստը կարող են կազմակերպել կա՛մ Լեռնային Ղարաբաղում, կա՛մ Հայաստանում. գնում են տուրիստական գործակալություններ և պահանջում հանգիստ Վրաստանում, կամ էլ՝ կանխիկ գումարը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանն իր դժգոհությունը հայտնեց այս կապակցությամբ՝ նշելով, որ հանգստի գնալու այս լարված շրջանում տուրիստական գործակալություններում մարդիկ պարզապես անիմաստ հերթեր են գոյացնում։ «Քաղաքացին, այո՛, իրավունք ունի վարկավորել այդ գումարը բանկում, բայց հետագա հարցերը պետք է կանոնակարգվեն։ Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ բանկում վարկավորում ձևակերպեն իրենց 80.000 դրամը, հետո գնան տուրիստական գործակալություններ փաթեթներով պայմանագրերը կնքելու և ոչ թե ուրիշ բան պահանջելու: Քաղաքացիները գալիս և խնդրում են, որ կանխիկացնենք-տանք իրենց, կամ որ ավելի աբսուրդ է՝ ուզում են գնան հանգստանալու Արևմտյան Հայաստան կամ Վրաստան, բայց նման բան հնարավոր չէ անել»,- ասաց Ռ․ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ փաթեթներից կարող են օգտվել բոլոր քաղծառայողները և նրանց երեխաները՝ մինչև 27 տարեկան:









































