Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցան «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության վճռորոշ հանդիպումները:
Մարզադաշտում ներկա էին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզելին, Կարեն Մուրադյանը և Դավիթ Մանոյանը:
3-րդ տեղի համար պայքարում մրցաշարի եզրափակիչ օրվա ծրագիրը բացեցին Վեդիի թիվ 1 և Երևանի 84-րդ դպրոցների թիմերը, որոնք պայքարեցին 3-րդ տեղը գրավելու համար: Վեդիի թիվ 1 դպրոցի պատանիները 8:0 հաշվով առավելության հասան Երևանի 84-րդ դպրոցի թիմի նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպման շրջանակներում մրցակցում էին Չարենցավանի թիվ 3 և Մարտունիի թիվ 3 դպրոցները: «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը շահեց Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմը՝ հաղթելով մրցակցին 7:1 հաշվով:
Մրցանանակակիրներին պարգևատրեցին Արաս Օզբիլիսը, Դավիթ Մանոյանը և Մարկոս Պիզելին: «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» ֆուտբոլի գավաթը Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմին հանձնեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Չարենցավանի թիմի ավագ Արթուր Կոշկարյանը ստացավ գնդակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որի վրա իրենց ստորագրություններն էին թողել Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները:








































