Ուրբաթ առավոտյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում ձերբակալվել են Femen շարժման երեք ակտիվիստներ դաշնային կանցլերի գերատեսչության շենքի մոտ մերկ ակցիայի համար, հաղորդում է RIA Novosti-ն:
Կանայք իրենց ակցիայով փորձել են Անգելա Մերկելի ուշադրությունը հրավիրել շարժման անդամների ճակատագրի հանդեպ, որոնք կալանավորված են Թունիսում: Թունիսի կառավարության ղեկավար Ալի Ալ-Արեյդը ժամանելու է Բեռլին, որտեղ նրան ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Երեք աղջիկներ, որոնք ներկայացել են որպես Femen շարժման կողմնակիցներ, ձերբակալվել են, քանի որ նրանց ակցիան արտոնված չի եղել: Նրանց ազատ են արձակել ինքնությունը պարզելուց հետո»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ շարժման երեք ակտիվիստները ձերբակալվել էին մայիսի 29-ին Թունիսի մայրաքաղաքում՝ Արդարադատության պալատի մոտ մերկ ակցիայի համար: Սկանդալային շարժման ակտիվիստ կանայք՝ երկու ֆրանսիացի և մեկ գերմանացի, Թունիսում անցկացնում էին ակցիա՝ հաջակցություն Femen-ի մեկ այլ մասնակցի, որին Թունիսի իշխանությունները ձերբակալել են մայիսի 19-ին:









































