Վաղն առավոտյան մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի:
Մերոնք ընգրկված են 5-րդ խմբում: Վիճակահանությամբ բաժին են հասել ուժեղ մրցակիցներ: Վիեննայից 60 կմ հեռու գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի համապատասխանաբար Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Նոյեմբերից այն կանոնավոր մարզումներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնեցին, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու և պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են նաև Ֆրանսիայում բնակվող մեր երեք հայրենակցուհիներ: Նրանք իրենց խաղընկերներին կմիանան մրցավայրում:
Ի դեպ, այս տարիքի մեր հանդբոլիստուհիները նորմուտ են նշելու եվրոպական ստուգատեսում: Այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ պաշտոնական կայքը:








































