Սիրիայի բանակը շաբաթ օրը մայրաքաղաքի հարավային հատվածում ոչնչացրել է մի հանցախումբ ևս: Այս հակաահաբեկչական գործողության արդյունքում վերականգնվել է Դամասկոս-Դարաա միջազգային մայրուղու ավտոմոբիլային հաղորդակցությունը, որը տանում է դեպի Հորդանանի սահման:
Զորամիավորումները հարավային ուղղությամբ մի շարք հաջողված գործողություններ են իրականացրել՝ հաղորդում է SANA գործակալությունը: «Հիրբետ-Գազալիա շրջանում շրջապատվել և ոչնչացվել են զինված ծայրահեղականների խոշոր խմբավորումներ, ովքեր ահաբեկչության էին ենթարկում քաղաքացիներին, զբաղվում լրտեսությամբ և կողոպուտով»,- նշում է գործակալությունը:
Ազատագրված է նաև Դարաա նահանգային կենտրոնի մատույցներում գտնվող Ջասեմ քաղաքը, որտեղ զինվում էին «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Բացի այդ, հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է վարձկանների 2 առաջնորդ՝ սաուդացի վարձկան Օմար Շամարին և քուվեյթցի Մահմուդ Ալ-Մթեյրին:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները մեկուսացրել էին մայրուղին 2 ամիս առաջ: Ինչպես վկայում են ականատեսները, գրոհայինները կրակում էին մայրաքաղաք մեկնող ավտոմեքենաների վրա՝ թույլ չտալով Դամասկոս մեկնել ծառայողներին և ուսանողներին:









































