«Զարգացման գավաթ» մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են նախկին Խորհրդային Միության անդամ պետությունները, կարող է դադարեցվել, այսպիսի առաջարկով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Հիշեցնենք, որ «Զարգացման գավաթ-2016» մրցաշարին մասնակցում էր նաև ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը: Մրցաշարում հաղթող դարձավ Ռուսաստանի Մ-17 հավաքականը:
«Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի մրցաշարը հետագայում: Մենք մտածում ենք կա´մ այն ընդհանրապես լուծարել, կա´մ փոփոխությունների ենթարկել: Այս մրցաշարը, կարելի է ասել, կորցրել է իր իմաստը, իսկ երիտասարդական հավաքականների մասնակցությունն այդքան էլ կարևոր չէ:
Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն իրենց ակումբների կազմում արդեն իսկ մարզվում են, իսկ այս մրցաշարի ժամանակ նրանք պետք է ներկա լինեն: Այսօր ԽՍՀՄ-ի հանդեպ կարոտն այլևս չկա, և յուրաքանչյուր երկիր իր ծրագրերն ունի, իսկ ակումբները չեն ցանկանում մասնակցել մրցաշարին. նրանցից շատերն ուսումնամարզական հավաք են անցկացնում այլ երկրներում»,- «Р-Спорт»-ը փոխանցում է Մուտկոյի խոսքը:



































