Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում: Այս մասին այսօր Բաքվում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
«Ադրբեջանը պատրաստ է այդ հանդիպմանը: Ամսաթիվը մի քանի անգամ տեղափոխվել է երեք նախարարների լարված գրաֆիկի պատճառով: Մենք սպասում ենք այդ հանդիպման նոր ժամկետների նշանակմանը»,- ասել է Մամեդյարովը:
Երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին եռակողմ հանդիպումն անցկացվել էր մարտին՝ Նախիջևանում, և ավարտվել ամփոփիչ հայտարարության ընդունմամբ:
Նախիջևանում կայացած հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն և Ալի Աքբար Սալեհին քննարկել էին հարցեր, որոնք եռակողմ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես նաև վերաբերում են տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու այդ նպատակին հասնելու բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությանը:
Նախարարները քննարկել էին նաև տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման միջոցառումները: