ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին ուրբաթ օրը հայտարարել է, որ դեռ չի կարող հաստատել, որ ռուսական կողմն աջակցում է ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ»-ին, հայտնում է Interfax-ը:
«Առայժմ պարզ չէ, թե «Սիրիական ազատ բանակ»-ին աջակցելու այդ հայտարարությունները համապատասխանում են արդյոք իրականությանը»,- ասել է նա Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ, ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զինվորականները նպաստում են սիրիական կառավարական ուժերի և «Սիրիական ազատ բանակ»-ի միավորմանը:
«Այժմ մի քանի զորամասեր ավելի քան 5 հազար մարդ ընդհանուր թվաքանակով, ինչպես նաև կանոնավոր զորքերը հարձակողական գործողություններ են կատարում ահաբեկիչների դեմ Հոմս, Համա, Հալեպ շրջաններում: Բացի այդ մենք աջակցում ենք նրանց օդից, ինչպես նաև սիրիական բանակին, նրանց օգնում ենք սպառազինությամբ, զինամթերքով և նյութական միջոցներով: Ընդանուր առմամբ ռուսական զինվորականների գործողություններն արժանի է բարձր գնահատականի»,- ասել է Պուտինը: